Վանաձոր համայնքապետարանում աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով, աշխատավարձերի մասով եւս խնդիր չկա, որովհետեւ աշխատակազմի քարտուղարը գլխավոր ֆինանսիստն է քաղաքապետարանի եւ իրավունք ունի այդ փաստաթղթերը ստորագրել եւ աշխատակիցները աշխատավարձերը ստանան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք խնդիրներ չեն ծագում, որ Վանաձորը չունի համայնքապետ:
Նրա խոսքով, քանի որ քաղաքի բհաջորդ տարվա յուջեն չի ձեւավորվել, աշխատում են նախորդ բյուջեի տրամաբանությամբ. «մենք էլի համայնքներ ունենք, որոնք ամիսներով համայնքապետ չեն ունեցել եւ աշխատանքները չեն դադարել»:
Մարզպետը կասկած հայտնեց, որ ընտրություններում եղել են կեղծիքներ. «Երբ նայում ենք քաղաքապետարանի մուտքերը, տեսնում ենք, որ նոյեմբերին 10 մլն դրամի մուտք է արվել աղբի, բնակվարձի, սրանք այն մարդիկ են, որոնք սոցիալապես անապահով են: Սա կասկած է հարուցում, որ այդ մարդկանց կաշառել կամ համոզել եւ այդ ճանապարհով տարել են ընտրության: Նաեւ գրանցումների հետ կապված խնդիրներ են եղել, որը նախկինում կիրառվել է ընտրությունների ժամանակ: Հիմա դա ուսումնասիրվում է: Իհարկե, մարդուն չի արգելվում գալ ու գրանցվել Վանաձորում, բայց կասկած է հարուցում, որ դա կարող էր ազդել ընտրությունների ելքի վրա»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին իրենք դեռ չեն դիմել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:
Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էր 5 ուժ։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:
Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։











