Արդարադատության նախարարը հայտարարում է՝ եկել է պայքարելու արատավոր երևույթների դեմ, դատական համակարգում կոռուպցիայի դեմ. եթե կան նման երևույթներ, թող պայքարի, այդպիսի դատավորներից մենք էլ կազատվենք, բայց նրա հայտարարությունն ու նրա կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններն իրար հետ կապ չունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այնպիսի դատավորների նկատմամբ է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվում, որոնք չունեն նմանատիպ համբավ, այլ բարձր հեղինակություն ունեն ոչ միայն դատական համակարգում, նաև փաստաբանական համայնքում, իրավաբանական հանրությունում:
«Ես այստեղ չարամտություն եմ տեսնում, թիրախավորում են դատավորներին, նաև գտնվելով ԲԴԽ-ում ու տեսնելով, թե իմ գործընկերին ինչի մեջ են մեղադրում, ինքս որպես իրավաբան չեմ հասկանում, թե ինչ է այստեղ տեղի ունեցել, որն է իրավական խնդիրը:
Ո՞նց կարելի է դատավորին բերել, հասցնել ԲԴԽ, դատավորին փորձել պատժել, դատավորն էլ իր բուն գործունեությունից կտրվի, մեկ-երկու ամիս կանգնի այնտեղ ու արդարանա՝ ինչ է հայցադիմումն ուղարկել է հայցվորի մի հասեցով, բայց այլ հասցե էլ է նշված եղել, կամ լեզվի քերականական խնդիրների հետ կապված հարց բարձրացվի, կամ անանուն աղբյուրներից կարգապահական վարույթ է հարուցվում դատավորի նկատմամբ»,-ասաց նա։
Դատավորը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նման անհեթեթ միջնորդությունները մերժի, նույնիսկ լիազորություն ունենա, որ վարույթ չընդունի, թողնի առանց քննության։
«Իմ վերաբերյալ ԲԴԽ-ն կայացրել է արդարացի դատական ակտ, կցանկանամ մյուսների նկատմամբ էլ այդպես լինի»,-ասաց նա։











