Պարույր Սեւակը մի լավ խոսք ուներ՝ այն էլ զգացի, ցավով զգացի, որ կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը․ հիմա այդ խոսքերը, ցավոք սրտի, պետք է ասել։ Այս մասին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Երբ որ նա կար, մեր կողքին էր, չես զգում՝ ինչ մեծություն է քո կողքին։ Մենք աղքատացանք, պակասեցինք, փոքրացանք։ Եթե մի 20 օր առաջ ինձ հարցնեին՝ ով է մեր ժամանակների ամենամեծ գրողը, կասեի՝ Ռազմիկ Դավոյանը, հիմա չգիտեմ՝ ով է, թող ներող լինեն ինձ մնացած բոլորը։ Ես պարոն Դավոյանի հետ պարբերաբար եմ շփվել՝ ինքը պարզ էր՝ գյուղի էն պարզությունն իր մեջ կար, անկեղծ էր, շիտակ։ Մեր վերջին հանդիպմանը հատուկ էր խնդրել, որ գա, ինձ տեսնի, եկել էր ասելու՝ ապրես, որ էսպիսին ես, որ կաս, ասացի՝ ես սովորական եմ, ոչ մի բանով ավելին չեմ։ Մենք մոտ 3 ժամ նստել ենք, հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ ավել չմնաց, մի քիչ էլ մնար, վայելեի․․․ Միշտ մտածում ես՝ դեռ ժամանակ լինելու է, նորից կհանդիպես ու կխոսես։ Մեր մեծերին շատ ավելի լավ պետք է պահենք, իրենց հետ հանդիպումն ու շփումը վաղվան չթողնենք»,- նշեց Թովմասյանը։
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այսօր՝ հունվարի 13-ին, տեղի է ունենում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողությունը։
Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում:
Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
1989 թ. նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։
1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:
1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն:
2007-2018 թթ.՝ «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:
Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական, հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։
1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։ 1972-ին առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։
1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։











