Իհարկե դժգոհ եմ, որ դատարանի նախագահն է իրականացնում գործերի մակագրումը: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը:
«Քանի որ ԱԱԾ գործունեության արդյունքում էլեկտրոնային համակարգը չի գործում, բայց ԲԴԽ կողմից նախատեսված հստակ կարգ կա, թե ինչպես պետք է իրականացվի՝ պատահականության սկզբունք կամ այբբենական հերթականություն: Եթե այդ կարգը պահպանվի, խնդիր չի առաջանա: Բայց դժգոհ եմ այսօրվա մակագրումներից: Իմ կողմից որոշակի ուսումնասիրության արդյունքում պարզել եմ, որ, մասնավորապես, ինձ մակագրված գործերը ավելի շատ են, քան օրենքով պետք է ինձ մակագրվեր: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ գտնում են, որ չի պահպանվում կարգը»,-ասաց դատավոր Պապոյանը:
Նա խորհուրդ տվեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, որ նախարարության աշխատակիցները ուսումնասիրություն կատարեն, թե արդյոք դատարանի նախագահները պահպանում են այդ կարգը, թե ոչ:
«Եթե հակառակն է, ինչպես ես եմ մտածում, այսինքն չի պահպանվում, սա հեղինակազրկում է դատական իշխանությունը, սա արդեն կլինի վարքագծի կանոնի խախտում»,- ասաց դատավոր Մխիթար Պապոյանը:











