Արմեն Սարգսյանի լիազորությունները որպես Հանրապետության նախագահ, դադարել են այսօր, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ:
Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ: Գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրեն, որը կարողանա նման լեգիտիմությունը ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել:
Իրենք նույն ոգեւորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,-ասաց նա:
Վարդեւանյանը նկատեց, որ ՔՊ-ի կողմից նխագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը բոլոր դեպքերում իշխող թիմի անդամ է. «Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով: Եթե դու արդեն մի թիմի անդամ ես, ո՞նց ես այդպես առաջնորդվելու»:
Նա նկատեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ էր ընտրվել ԱԺ պտգամավորների թվի 3/4-ով. «Ինչի նախկին իշխանությունները չէին կարո՞ղ երկրորդ փուլով ընտրել Արմեն Սարգսյանին: Իհարկե, կարող էին, բայց ընտրվեց 3/4-ով, որովհետեւ դա կարեւոր բաղադրիչ է»,-ընդգծեց «Հայաստան»-ի պատգամավորը:











