Կանխատեսելի էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարքագիծը, որովհետև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նրանց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ իրենք անգամ խուսափելու են բաց քննարկումից և հասարակության առջև իրենց տեսակետները ներկայացնելուց: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ հայտարարություն ընդունելու օրակարգով ԱԺ արտահերթ նիստը իշխող խմբակցության կողմից տապալելուն:

«Հայաստանի իշխանությունն առնվազն չի դատապարտում «Շուշիի հռչակագիրը», որն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Արցախի հայաթափման դեմ։ Հայաստանն ու Արցախը լրջորեն վտանգված են «Շուշիի հռչակագրով», և եթե Հայաստանը, ի դեմս իր խորհրդարանի, չի դատապարտում  կամ առնվազն մտահոգություն չի հայտնում «Շուշիի հռչակագրի» հետ կապված, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը քվեարկում է Հայաստանի անկախության հռչակագրի դեմ»,- ասաց  ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, «Շուշիի հռչակագիրն» ուղղված է Հայաստանի ռազմավարական նպատակների դեմ և ՀՀ իշխանությունը կրավորական, համաձայնողական  կեցվածք է ընդունում այդ մասով և փաստացի արձանագրում, որ  ինքն առաջնորդվում է  թուրքական օրակարգով։

«Բոլոր այն խոսակցությունները, համաձայն որի հայ-թուրական հարաբերությունների  կարգավորման  ներկա գործընթացն  առանց նախապայմանների է,  բլեֆ է, ծաղր է մեր  հասարակության նկատմամբ, որովհետև բոլոր նախապայմանները կամ բավարարված են  այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում կամ գտնվում են բավարարման փուլում»,- ասաց պատգամավորը։

Ա. Թևանյանն ասաց, որ վաղը Հայաստանի իշխանությունը բանակցելու է  Թուրքիայի ներկայացուցչի հետ  հենց «Շուշիի հռչակագրի» օրակարգով. «Սա լրջագույն մարտահրավեր է մեր պետականությանը, Արցախի ինքնորոշման  իրավունքի իրացմանը։ Մեր հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է այստեղից հետևություններ անեն»,- ասաց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը քննարկումը, որը նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը։

Նշենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։