Զորային կառույցներում իշխանությունների կատարած նշանակումներն անընդունելի են։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, երկրի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա գնահատմամբ՝ պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի պաշտոններում անձանց այդքան կարճ ժամանակահատվածում փոխելը լավ բանի չի բերում։ Նա համոզված է, որ դժվար շրջանում այդ մարդիկ իրավիճակային որոշումներ կայացնելիս բախվելու են խնդիրների։ «Զորային կառույցների քաղաքականացումը պատերազմում պարտության պատճառներից մեկը դարձավ։ Հիմա քաղաքականացվում է Գլխավոր շտաբը։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները նպատակ էին հետապնդում ոչ թե ավելի պատրաստված մարդու նշանակել Գլխավոր շտաբի պետի պաշտոնին, այլ ազատել նախորդին»,- նշել է Օհանյանը։