Հիմա պայքար է ընթանում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Արցախի միջոցով Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունը, ըստ էության տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ երրորդ կամ չորրորդ կողմ չկա, կան շահեր, որոնց համար գնում է պայքար։ Հիմա Ռուսաստանը պայքարում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար, ինչի հիմնական գործիքն Արցախն է, որտեղ ռուս խաղաղապահներն արդեն կան։ Միացյալ Նահանգներին եւ Արեւմուտքին ձեռնտու է, որ Արցախի հարցը լուծվի այնպես, ինչպես Ադրբեջանին է պետք՝ այնտեղ ոչ մի հայ չմնա եւ այդպես ռուսներին դուրս բերեն տարածաշրջանից , հետագայում արդեն Միջին Ասիայում կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց Դանիելյանը։

Դանիելյանի դիտարկմամբ՝ այս գործընթացում պետք չէ անտեսել Իրանի գործոնը։ «Իրանի դերը գնալով մեծանում է։ Արցախի հարցում Իրանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի ավելի ուժեղ ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում սպառնում է Իրանի ամբողջականությանը։ Մոտակա ժամանակներում կարծում եմ, որ Իրանը եւս ինչ-որ խոսք կասի։ Ըստ էության, Հայաստանի ամբողջականությունը պահպանվում է Իրանի ամբողջականության շնորհիվ»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա՝ Ուկրաինայի հարցի շուրջ ինչ-որ կոնգրես տեղի կունենա, ինչից հետո նոր աշխարհակարգի շուրջ ինչ-որ պայմանավորվածություն ձեռք կբերվի եւ արդյունքում էլ կլուծվի Արցախի խնդիրը։ «Արեւմուտքը փորձում է իր շահերն առաջ տանել եւ ներկա գտնվել Հարավային Կովկասում եւ տարածել իր ազդեցությունը, Ռուսաստանը փորձում է ինքն այստեղ ներկա գտնվել, այս պայքարը դեռ երկար է շարունակվելու»,– ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանից միշտ բողոքներ էին հնչում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ձեւաչափը ոչ թե Արցախի հարցը լուծելու համար էր, այլ հարցը չլուծելու համար, այսինքն՝ Մինսկի խումբը ստատուս քվոն ապահովող կառույց էր, եւ հիմնական երկրները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում՝ Իրանը եւ Թուրքիան ,խմբի մեջ ներառված չէին։

«Բրյուսելյան հանդիպման արդյունքները Թուրքիան ողջունեց, Ալիեւը հայտարարեց, որ այդ պայմանավորվածությունն Ադրբեջանի շահերից է բխում, եւ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետո տեղի ունեցավ հայ եւ ռուս արտգործնախարարների հանդիպումը եւ հայտարարվեց, որ Մինսկի խումբն, ըստ էության, գոյություն չունի եւ որ Ռուսաստանի վրայից մոդերատորի դերը հանում են, Եվրամիությունն ուզում է իր վրա վերցնել եւ բնականաբար, իր շահերից ելնելով լուծել Արցախի հարցը։

Արդեն կա առճակատում եւ այստեղ զուտ աշխարհաքաղաքական շահերի համար պայքար է։

Եթե քաղաքականությունն այն է, որ տանք Արցախը, բացենք Ադրբեջանի ասած «Զանգեզուրի միջանցքը», ՆԱՏՕ-ի անդամ դառնանք, մյուս մարտավարություն է, որ Արցախը եւ Սյունիքը պետք է պահպանենք, դա այլ դաշնակիցներ է ենթադրում։ Մեր անելիքը կախված է մեր նպատակներից»,– ասաց նա։