Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջեւ լարվածության մեջ ես իրավական հարցերից բխող հակամարտություն չեմ տեսնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նորմալ կլիներ, եթե այդ երկու գերատեսչություններն իրավական հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ ունենային։ Հանրությունն էլ այդ տարաձայնությունների մասին չէր էլ իմանա։ Այն, ինչ մենք տեսնում ենք, դա անառողջ մթնոլորտի մասին է վկայում։ Շատ համակարգերում այս ամեն ինչը կա։ Կարծում եմ՝ ժամանակակից Հայաստանում դա շատ բնական երեւույթ է, քանի որ պետական համակարգը, առանձին ոլորտներ զբաղված են ընդհանուր բեմադրությանը մասնակցելով։ Իրենք զբաղված չեն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելով։ Եվ եթե հաշվի առնենք, թե ով է ՀՀ վարչապետը, այս պատկերը դառնում է ամբողջական»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ այս լարվածությունը Գլխավոր դատախազի պաշտոնի համար է, փաստաբանն ասաց. «Շատ մարդիկ են այդ պաշտոնի համար հիմա վեր թռել։ Բոլորն ուզում են դառնալ Գլխավոր դատախազ, դժվար է ասել, թե ինչ կա այդ պաշտոնի մեջ։ Այս քաոսը նաեւ արհեստածին է։ Նիկոլ Փաշինյանը երեւի սիրում է տենց բաներ, ինքը հաճույք է ստանում այս գզվռտոցից։ Կարծես թե լուրջ մարդիկ, ինչ-որ ճանապարհ անցած գզվռտոցով են զբաղված»։

Անդրադառնալով հայհոյանքը քրեականացնելուն՝ Վարոսյանը նշեց. «Տուժողն է որոշել քրեականացնել այդ նորմը, դրանով փորձել փակել հասարակության բերանը։ Դա, իհարկե, չի հաջողվելու, որովհետեւ այդ բիրտ մեթոդներով եւ արգելքներով չէ, որ պիտի դու հասնես հարգանքի։ Դրա նպատակը կոնկրետ թիրախավորված անձանց պատժելն է։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ բոլոր այդ գործերը կարճվելու են, այդ հոդվածով բոլոր դատավճիռները բեկանվելու են. վաղ թե ուշ այդ նորմը ճանաչվելու է հակասահանմանադրական»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։