«Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի անդամներն այցելել են հացադուլավոր երիտասարդներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրապարակում, որտեղ «Հայրենիք» կուսակցության անդամները մի քանի օր է բողոքի ակցիաներ են կազմակերպում, ասաց «Երիտասարդի Ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Տեսնելով մեր ընկերներին, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք 44 օր իրենց զոհաբերելով՝ կռվել են թուրքի դեմ, այսօր էլ իրենց զոհաբերելով՝ կռվում են ներքին թուրքի դեմ։ Միացել ենք՝ աջակցելու իրենց, համաձայնվելու այն մտքի հետ, որ երիտասարդները պետք է միանան այս պայքարին։ Եկել ենք մեր ընկերներին ասելու, որ մենք պատրաստվում ենք պայքարել հանուն նրա, որ երիտասարդները գիտակցեն, որ սա երիտասարդների պայքարն է, երկրի ապագայի պայքարն է եւ համախմբված համաերիտասարդական պրոցես իրականացնեն երիտասարդների հայեցի ապագան ապահովելու համար»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նա նշեց, որ հացադուլավորներին ինքը խոսք է տվել՝ երիտասարդության մեծ ներգրավում ու համախմբում իրականացնել. «Ես հենց նոր խոսք տվեցի մեր տղաներին, որ մենք երիտասարդության մեծ ներգրավում ու համախմբում ենք իրականացնելու, փորձելու ենք այնպես անել, որ օր առաջ ոչ միայն իրենք դադարեցնեն իրենց հացադուլը, այլ նաեւ երիտասարդության համախմբման եւ պայքարին միանալու արդյունքում ամբողջ ընդդիմադիր հատվածը եւ հայ հասարակությունը հասնի իր գերնպատակին, այն է՝ իշխանությունների հեռացմանը»։











