OnePlus-ը ներկայացրել է 282 դոլար արժողությամբ Nord 20 5G նոր բյուջետային սմարթֆոնը: Այս մասին հայտնում է ArsTechnica պարբերականը՝ վկայակոչելով արտադրողին։
Նոր մոդելը 6.43 դյույմանոց OLED էկրան՝ 2220 x 1080 պիքսել թույլատրությամբ, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 128 ԳԲ օգտատիրոջ տվյալների պահոց, 4500 մԱ/ժ մարտկոց եւ 6-միջուկանոց Snapdragon 695 պրոցեսոր է ստացել: Բացի այդ, Nord 20 5G-ում ավելացրել են հիշողության քարտերի համար microSD սլոթը եւ էկրանի մեջ ներկառուցված մատնահետքերի սկաները: Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա սարքը կարող է պարծենալ եռակի մոդուլով, որն իր մեջ 64 մեգապիքսել թույլատրությամբ հիմնական ոսպնյակ, մոնոխրոմ եւ մակրո տեսախցիկ է ներառում:
Սարքի թերություններից մեկը, ըստ լրագրողների, օպերացիոն համակարգի՝ Android 11-ի հնացած տարբերակն էր, որի դեբյուտը հայտնվել էր 2020 թվականի աշնանը։ Լրագրողները դժգոհում են, որ OnePlus Nord սերիայի սմարթֆոնները հազվադեպ են խոշոր թարմացումներ ստանում եւ արդյունքում մնում են ոչ ակտուալ ծրագրային ապահովմամբ:
Օրինակ, Nord-ի նախորդ մոդելը, որը նույնպես Android 11-ով էր մեկնարկել, ամբողջ ընթացքում միայն մի թարմացում էր ստացել՝ Android 12-ը: Այդպես, Nord 20 5G-ն, ամենայն հավանականությամբ, նույնպես միայն Android 12 կստանա, որն արդեն վեց ամսական է:





























