Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից. Զարեհ Սինանյան
Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից, ուղղությունից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, չնայած, այդ թեման փորձում էի առաջնային չդարձնել, որովհետեւ ինձ բոյկոտող որոշ մարմիններ ներկայացնում էին, որ ես եկել եմ այդ թեման պրոպագանդելու, իհարկե, դա ցնորք է; Բայց երբ մարդիկ հարցնում էին, ես բացատրում էի այն, ինչ կա: Դա այն է, որ մենք պարզապես փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանելը։ Մենք անհրաժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք: Ես կուզեի, օրինակ, որ մեր կողքին լիներ Ֆրանսիան և ոչ Թուրքիան, բայց Թուրքիան է և չենք կարող դա արհամարհել։ Այս պետությունը անվտանգային հսկայական ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար: Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլք եւ միշտ մեր հաշվին»,-ասաց Սինանյանը:
Նա նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել. «Ցեղասպանության թեման չի կարող լինել նախապայման այդ խոսակցության կամ բանակցության մեջ: Հետեւաբար, ես մարդկանց փորձում եմ բացատրել, որ դրա հետ կապված իրենց մտահոգությունը թեեւ արդարացված է, բայց իրականության հետ կապ չունի:
Մենք 100 անգամ ասել ենք, որ չենք ընդունում որեւէ նախապայման: Այո, մենք գիտենք, որ Թուրքիան աընդհատ կրկնում է, որ իր արտաքին քաղաքականությունը կոորդինացնում է երրորդ պետության` Ադրբեջանի հետ, բայց մենք Թուրքիայի հետ ենք խոսում, եւ չենք խոսում երրորդ երկրի թեմաների մասին:
Պետք չէ կեղծ պատրանք ունենալ, որ շատ հեշտ է լինելու և որ Թուրքիան էլ հանկարծ փոխվելու է, լինելու է հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ, ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Մոտ ապագայում չեմ կարծում, որ նման բան է լինելու, բայց նույնիսկ այդ պայմաններում իրենց հետո խոսել է պետք»,- ասաց Սինանյանը։ Նա հիշեցրեց, որ Առաջին հանրապետության ժամանակ, երբ դեռ Թուրքիայում իշխանության էին ցեղասպանության հեղինակները, Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր նրանց ծաղկեփնջերով ու նվագախմբով ընդունել Երեւանի ու Գյումրիի կայարաններում, դա մեր դաժան իրականությունն է:
«Պետք է ստեղծենք այն ուժը, որ կարողանանք թելադրել մեր պայմանները, բայց այս պահին չունենք դա»,-ասաց նա:
Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով. «Հիմա ես մի հարց տամ. ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա: Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու ձեւով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։
Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին, մեղմ ասած, ինձ չեն տպավորում: 1990-ականներին այդ գումարը տասը անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը, մեր ազգին եւ դասեր քաղենք»:











