Հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին .am տիրույթում գործող շուրջ 40 կայք է կոտրվել։ Կոտրված կայքերի մեջ բավականին շատ են տուրիստական գործակալությունների կայքերը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կիբեռ հարձակումների մոնիտորինգի հայկական թիմի նախաձեռնող, բլոգեր Վարդան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս անգամ հաքերները կոտրել են ընդամենը մի քանի անհատական կայքեր, իսկ հիմնականում կոտրել են ոչ թե առանձին կայքեր, այլ՝ սերվերներ:

Վ. Գրիգորյանի խոսքով՝ երբ բազմաթիվ  կայքեր գտնվում են ընդհանուր սերվերի վրա, դա նվազեցնում է կայքերի անվտանգության մակարդակը, քանի որ այդ դեպքում գլխավոր սերվեր մուտք են ունենում ավելի շատ թվով մարդիկ։

«Երկու օրվա ընթացքում հաքերները կոտրել էին Հայաստանից դուրս գտնվող երկու սերվեր, որոնց վրա էին գտնվում մի քանի տասնյակ հայկական կայքեր»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ հավելելով, որ կոտրված կայքերի թվում են նաեւ ռուսական, ամերիկյան եւ այլ կայքեր, պարզապես Հայաստանում այդ ամենը ավելի է բարձրաձայնվում:

Վ. Գրիգորյանը նշեց, որ այս անգամ հաքերային հարձակումն իրականացրել են թունիսցի եւ ադրբեջանցի հաքերները։ Իսկ .am տիրույթում գործող շուրջ 40 կոտրված կայքերի միայն կեսն է հայերի պատկանում։

«Կոտրված կայքերի 20 տոկոսը, որը հայերին է պատկանում, արդեն վերականգնված է, իսկ մնացած մասը վերականգնված է կիսով չափ»,-ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, որ իրենց թիմն այս հարձակումների մասին արագ տեղեկացրել է կայքերի եւ սերվերների սեփականատերերին:

Նշենք, ինչպես ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր Հայկական կայքերի վրա կիբեռ հարձակումներն ուսումնասիրող թիմ է ստեղծվել, որի միջոցով կիբեռ հարձակման ենթարկված կայքերի տերերն ավելի արագ կտեղեկանան իրենց կոտրված կայքի մասին եւ այսուհետ կիբեռ հարձակումներին հնարավոր կլինի առավել արագ արձագանքել։