Սեպտեմբերի 27-ին որդիս՝ Հովհաննես Հովհաննիսյանը ու թոռս կամավոր մեկնել են պատերազմ՝ Ճարտար գյուղ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով, որդին զոհվել է, իսկ թոռը թեեւ վերադարձել է, սակայն պատերազմն իր հետքն է թողել, հոգեբանական վատ վիճակում է:
«Մենք Մարտունու շրջանի Շեխեր գյուղից ենք: Ես պատերազմի ժամանակ էնտեղ էի: Որ ասում էին՝ հաղթում ենք, հաղթում ենք, ես տեսնում էի, որ հաղթել չկա, Բայրաքթարները գալիս պտտվում են, կրակում են: Երեւում էր, որ չենք կարող հաղթել: Մեր գյուղը Հադրութից մոտիկ է, էնտեղի բոլոր կռվողներին հանել, մեր գյուղ էին բերել:
Մինչեւ հոկտեմբերի 15-ը մնացել եմ էնտեղ, հետո բոլորը ուրս եկան, ես էլ դուրս եկա: Այդ ժամանակ տղես դեռ չէր զոհվել: Վերջին անգամ զանգել է նոյեմբերի 5-ին: Սկսեցինք փնտրել հիվանդանոցներում, մորգերում: Հայաստանում չկար, զանգեցինք Ստեփանակերտ, բարեկամներ ունենք, գնացին տեսան, որ էնտեղ մորգում է: Նոյեմբերի 6-ին զոհվել է, նոյեմբերի 14-ին գտել ենք իրեն»,-ասաց նա:
Զոհված զինծառայողի հոր խոսքով, եթե շուտ կանգնեցնեին պատերազմը, այսքան զոհ չէինք ունենա. «Շատ զոհ եղել է Շուշիում: մեր տղերքը լավ էին կռվում, բայց հրամանատար չկար, բոլորը փախել էին:
Իմ հույսն այն է, որ Նիկոլ փաշինյանին դատարանի առաջ կանգնեցնենք, դատեն, իմ ուզածը դա է: Էդքան զոհեր է տվել, տարածքներ է տվել: Ամբողջ Ղարաբաղը տվել է, հիմա էլ Հայաստանի հարավը արդեն տալիս է»:
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:











