Մեր պահանջը քաղաքական չի, սա ակցիա չի, մենք արյան գին ենք ուզում, արյան վրեժի պատասխան ենք ուզում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը:
«Եկել ենք Գլխավոր դատախազության դիմաց ու էստեղ էլ պետք է մնանք, էստեղից տեղ չենք գնալու: Վրան ենք տեղադրելու, սա մեր մեծամասնության կողմից եմ ասում: Մնալու ենք այնքան, մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները կայացնեն բարոյական որոշում, որ պետք է այս տղերքի արյան համար դավաճանները պատասխան տան՝ կլինի գեներալ թե շարքային: Այն գեներալները, որոնք իմ ասածից գուցե վիրավորվել են, ես դրա հիմնավորումն էլ ունեմ: Այն գեներալները, որ կռվել են, իրենց կողքի գեներալները փախել են, բա իրենց հացընկերներն են եղել: Եթե իմ ասածից նեղվել են, թող գան էստեղ ասեն՝ այս գեներալը փախավ, այս գնդապետը փախավ»,-ասաց նա:
Գալեյանը հոր խոսքով, ինքն էստեղից բացակայելու է միայն այն ժամանակ, երբ գնալու է Եռաբլուր ու էլի վերադառնա այստեղ:
Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության դիմաց։ Երեկ նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեցին պահանջը, որ զոհված տղաները համարվեն տուժող, իսկ նրանց հարազատները` տուժողների իրավահաջորդ։ Նրանք նաեւ պահանջել են, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ:
Այսօր Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: Իսկ Նիկոլ փաշինյանի մասով պահանջը փոխանցվել է վարույթն իրականացնող մարմնին:











