Դա եղել է ոչ թե վարչապետի, այլ նրան ուղեկցող մեքենան, ես շատ կուզեի, որ հանրությունը բոլոր մահվան ելքով պատահարները, որոնք գրեթե ամեն օր են լինում Հայաստանում, այսպես ողբար և հետևողական լիներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը մահվան ելքով վրաերթին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

«Կուզեի, որ հասարակությունը բոլոր նման դեպքերով հարցադրումներ աներ պաշտոնյաներին, այդ թվում՝ ինձ, ասեր, օրինակ ինչո՞ւ Սևանի մայրուղու վրա այս երիտասարդը մահացավ, ինչո՞ւ այս 8 տարեկան երեխան քաղաքի կենտրոնում ընկավ մեքենայի տակ։ Հասարակության արձագանքը պետք է նույնատիպ լինի։ Ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանի Հանրապետությունում այս խաղաղ պայմաններում մարդիկ քիչ զոհվեն ՃՏՊ-ներից»,– ասաց պատգամավորը՝ նշելով, որ պետք է քրեական գործ հարուցվի, նշանակվեն մի շարք փորձաքննություններ ու պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։

Ըստ Խաչատրյանի, կա հստակ կանոնադրություն, թե ինչպես պետք է ապահովվի վարչապետի տեղաշարժը, անվտանգությունը։ «Այս կանոնակարգը վարչապետը չի կառավարում, նա իրավունք չունի միջամտել դրան։ Ծառայողները շարժվում են իրենց կանոնակարգով։ Եթե խախտվի կանոնակարգը, ծանր հետևանք կունենանք, այդ ծառայողները պետք է վարչական կամ քրեական պատասխանատվություն կրեն»։

Այս երկու օրվա ընթացքում շփվե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ է նա մտածում այս դեպքի մասին, հարցին ի պատասխան ՔՊ–ական պատգամավորը վստահեցրեց.«Շփում եղել է։ Խորը ցավով էր տանում այս դեպքը»։

Անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին և արդյոք մտավախություն չունի, որ կարող է կորցնել իշխանությունը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ես ընդհանրապես որևէ վախեր չունեմ իշխանություն կորցնելու-չկորցնելու հետ կապված։ Ես ժամանակին ավելի մեծ իշխանությամբ օժտված պաշտոնյա եմ եղել, քան պատգամավոր եղած ժամանակ։ Սակայն ընդունելի չեմ համարում այս փուլում ընդդիմության ձեռնարկած միջոցները, քանի որ դա ազդում է երկրի պաշտպանունակության և անվտանգության վրա»։

Օրերս Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե չի մասնակցելու այլևս 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս հանձնաժողովի անդամ է նաև Արմեն Խաչատրյանը, բայց նա տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներից ելնելով է Բաբայանը նման հայտարարություն արել։ «Ամեն դեպքում ես վստահություն ունեմ, որ նա մեզ անհրաժեշտ մասնագիտական հարցերով հաստատ օգնելու է»։