DANZ արևային և օպտիկական ակնոցների հայկական ապրանքանիշը միացել է Zilfyan EyeCare Center-ի եւ ՍՕԱՐ Արմենիա-ի կողմից իրականացվող բարեգործական նախագծին։

Երկու տարի շարունակ իրականացվող ծրագիրը հնարավորություն է տվել Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում բնակվող տեսողության ամենատարբեր խնդիրներ ունեցող անձանց հետազոտվել եւ համապատասխան բուժում ստանալ։ Իսկ ահա DANZ-ի հետ համագործակցությամբ պատրաստվել եւ տրամադրվել են նաեւ օպտիկական ակնոցներ եւ ոսպնյակներ։

DANZ ընկերության համահիմնադիր տնօրեն Հարություն Հուլունյանի խոսքով` DANZ ընկերությունն իր թիմով ցանկություն է հայտնել միանալ նախագծին, քանի որ տեսել է, թե ինչ մեծ ծավալի եւ չափազանց կարեւոր աշխատանք է իրականացվում Zilfyan EyeCare Center-ի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից եւ ՍՕԱՐ Արմենիա ընկերության տրամադրած գերժամանակակից շարժական կլինիկայի միջոցով։ «DANZ ընկերությունն էլ որոշեց ամբողջացնել այս համագործակցությունը եւ տրամադրել օպտիկական շրջանակներ, ինչպես նաեւ տեղադրել անհատական օպտիկական ոսպնյակներ»։

Zilfyan EyeCare Center-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը եւս կարեւորում է արդյունավետ այս համագործակցության մեկնարկը։ «Մենք այսօր ստացել ենք շատ մեծ բարեգործական օգնություն DANZ ընկերության կողմից։ Բարձրորակ շրջանակներ եւ օպտիկական ապակիներ են պատրաստվել մարդկանց համար, ովքեր ունեին տարբեր խնդիրներ` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, ծույլ աչք եւ այլն»,- նշում է Արտաշես Զիլֆյանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում եւ ավելի մեծ շրջանակ կընդգրկի։

Ի դեպ, DANZ ապրանքանիշը սկսել է նաեւ վերցնել օպտիկական ոսպնյակների անհատական պատվերներ։

DANZ-ը արևային և օպտիկական ակնոցների ապրանքանիշ է, որը ստեղծում է համաշխարհային ճանաչման ձգտող արտադրություն։ Շրջանակները պատրաստվում են ցելյուլոզայի ացետատից, որը համարվում է ամենաբարձրորակ պատրաստանյութը ֆրեզերային շրջանակների արտադրման համար օգտագործվող նյութերի շարքում և հակաալերգիկ է: