Երեւանում մեկ անձն օրական օգտագործում է 400 գրամ հաց, ինչը նշանակում է, որ 1,2մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքում մոտ 500 տոննա հաց է արտադրվում եւ իրացվում: Իսկ այդ արտադրվող հացի 40-50 տոկոսն անորակ է, այսինքն` դրանցում նախատեսվածից ավելի խոնավություն եւ օտար մարմիններ են առկա, աղի զանգվածային մասը շատ է: Այս մասին այսօր` օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի եւ մարքեթինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը:
Նրա խոսքով, մարդու օրգանիզմ օդի միջոցով մտնում են 5 տոկոս վնասակար նյութեր, ջրի միջոցով` 15 տոկոս, իսկ սննդի միջոցով` 80 տոկոս: Այդ 80 տոկոսի մեջ մեծ զանգված է կազմում հացը, քանի որ այն ամենօրյա օգտագործման սննդամթերք է: Ի դեպ, սպառողների ազգային ակադեմիան 6 ամսվա ընթացքում 170 դեպք է արձանագրվել, երբ հացի որակը բավարար չէր: Տարեվերջյան ամփոփման ժամանակ նրանք խոստացել են ներկայացնել այն արտադրամասերի անվանումները, որտեղ խախտվում են չափորոշիչները:
Այսօրվա ասուլիսի մյուս բանախոսը` Սպառողների ազգային ակադեմիայի հաց-հացաբուլկեղենի անկախ փորձագետ Անահիտ Վիրաբյանը խորհուրդ տվեց հաց գնելիս անպայման իմանալ, թե որտեղ է դա արտադրվել, ինչ բաղադրություն ունի, ինչ է օգտագործվել դրա մեջ:




























