Մենք կարող էինք այսօր Բաղրամյան պողոտայում կրկին փորձել ոստիկանական պատը ճեղքել, բայց նկատի ենք ունենում, որ ի վերջո, նրանք մեր երկիր ժամանող պատվիրակություններ եւ հյուրեր են եւ մեր նպատակը իրենց շրջափակել կամ այդ հանդիպումը կանխարգելելը չի. մեր նպատակը մեր խոսքը տեղ հասցնելն է, ինչը արել ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք ակտիվ հարաբերություններ պետք է ունենանք ԵՄ-ի երկրների եւ ԱՄՆ-ի հետ: Այս հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկը մյուսի հաշվին: Գավառական ժուլիկությամբ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում մեկ այլ բան, Վաշինգտոնում մեկ այլ բան, դրանով չես կարող երկրի արտաքին քաղաքականություն իրականացնել: Այսօրվա շատ խնդիրներ այդ քաղաքականության արդյունքն է: Մենք մեր գործընկերների համար անկանխատեսելի քաղաքականություն ենք վարում եւ չկա վստահություն»,-ասաց նա:











