Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկօրյա այցով մեկնում է Արեւմտյան Բալկաններ, որպեսզի օգնի վերակենդանացնել Եվրամիությանն անդամակցելու վաղուց սառեցված իրենց արշավը, թուլացնել տարածաշրջանային լարվածությունը եւ չեզոքացնել Ռուսաստանի նման տերությունների ազդեցությունը, հաղորդում է Reuters-ը:
Շոլցի այցը տեղի է ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցից հետո եւ ԵՄ-ի եւ Արեւմտյան Բալկանների ղեկավարների հունիսի 23-ին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:
ԵՄ անդամակցության հեռանկարը երկար տարիներ եղել է տարածաշրջանում բարեփոխումների եւ համագործակցության ընդլայնման հիմնական շարժիչ ուժը 1990-ականների տասնամյա պատերազմներից եւ ցնցումներից հետո, մինչեւ որ ԵՄ ընդլայնումը չդադարեց՝ հիասթափություն առաջացնելով:
«Այն փաստը, որ դա տեղի չի ունեցել, իրական խնդիր է, իսկ այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցությունը արդյունքն է այն բանի, որ այս գործընթացը զարգանում է»,- ասել է Գրացի ավստրիական համալսարանի Բալկանների հարցերով փորձագետ Ֆլորիան Բիբերը:
Դեկտեմբերին իշխանության եկած Շոլցի կառավարությունը ԵՄ-ին Արեւմտյան Բալկանների անդամակցությունը արտաքին քաղաքականության առաջնահերթություն է համարել։
«Մենք Եվրոպայի սրտում գտնվող այս տարածաշրջանը չենք հանձնի Մոսկվայի ազդեցությանը»,- մարտին այցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Աննալենա Բերբոքը:
Շոլցը նախ կայցելի Կոսովո, ապա՝ Սերբիա։ Ավելի ուշ Գերմանիայի կանցլերը կմեկնի Հունաստան, Սալոնիկ՝ ընթրելու Հարավարեւելյան Եվրոպայի համագործակցության գործընթացի (SEECP) ներկայացուցիչների հետ, որը 12 երկրների բալկանյան տարածաշրջանային կազմակերպություն է:
Շաբաթ օրը նա կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա եւ Բուլղարիա, որոնք փակուղում են հայտնվել ԵՄ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության բանակցություններին խոչընդոտող վեճի պատճառով:





























