Փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր բիրավասության դատարանում տեղի է ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների  դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները  նման ձեւով պահելու համար։

Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման  վերաբերյալ երկրորդ անգամ  վերսկսվող դատական գործընթաց է իրականում:

Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:

Դատական նիստի ժամանակ հայտարարվեց, որ շուրջ 30 դիակ կամ մասունք, որոնց ակնհայտ մեծ մասն  նույնականացված էր, պահվել են ոչ  պատշաճ պայմաններում։

Դատական նիստի ավարտից հետո զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը նշեց, որ դիահերձարանի ղեկավարությունից իրենց ասել են, որ իրենք տեղ չեն ունեցել, սակայն իրենց ասվել է՝ ոչինչ, երչկու օր պահեք, մինչեւ սառնարանը կսարքեք. «Մենք չափել ենք, 16 աստիճան է եղել այդտեղ: Սա մեր տղերքի դիակներին վատ վերաբերմունքի առաջին դեպքը չի եղել: Առաջին դեպքը եղել է Կապանի դիահերձարանում: Նույնանման ահազանգ ենք ստացել, բաց շենքում, Կապանի դիահերձարանում տղերքի մարմինները շարել են, ամառ օրով էլի սկսել են նեխացնել: Հաջորդը, ծնողին կանչում են դիակի ճանաչման, բացում են, ամբողջությամբ մարմինը որդերի մեջ: Բիշարյանին ասել եմ՝ 2-3 օրը մեկ մաքրեք մարմինները, որ ծնողը չգա այդ տեսարանին արժանան: Էլ դիակի հանդեպ անագրանքը ո՞րն է, եթե ոչ սա»:

Գործով անցնող դատախազն արձագանքեց. «Շատ դժվար է քեզ լսելը, հարազատ: Բոլորիս համար ցավ է սա: Բարոյական տեսանկյունից ես, ցանկացած պաշտոնատար անձ էս պատմածիդ համար պատրաստ ենք պատասխանատվություն կրել, որ մեր երկիրը չի կարողացել ապահովել: Հիմա կոնկրետ դիակի պահման դատաբժշկական կենտրոնի կարգը չլինելու համար ուղղակի անհնար է կարգի բացակայության դեպքում իրավական պատասխանատվություն: Ես չեմ կարծում, որ որեւէ հայի նպատակը լիներ նման վերաբերմունքի արժանացնելը»:

Դատակն հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:  Իսկ այդ օրերին, չմոռանանք,  ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում: