Երեւանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները նախօրեին փակել էին «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Նրանք բողոքում են իրենց թաղամասի անմիջական հարեւանությամբ իրականացվող շինարարության հետեւանքով առաջացած փոշուց:
Մեկ ամսից ավելի ընթացող բնակելի թաղամասի շինարարությունը գլխացավանք է դարձել հարակից թաղամասի բնակիչների համար: Հատկապես երեկոյան ժամերին, երբ քամին ուժեղանում է, շինարարական փոշին լցվում է տները եւ աղտոտում շրջակա միջավայրը: Նախօրեին բնակիչները ճանապարհը բացել են, երբ կառուցապատողի ներկայացուցիչները խոստացել են, որ խնդիրը կկարգավորվի:
NEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է «Հաղթանակ» թաղամասում, զրուցել բնակիչների հետ, որոնք պատմեցին, որ հատկապես երեկոյան ժամերին տներից դուրս գալն անհնար է դարձել: Մեր նկարահանումից ժամեր անց՝ 17։00–ից հետո, «Հաղթանակ» թաղամասի բնակիչ Հասմիկ Սաքեյանի խոսքով՝ շինարարական աշխատանքները սկսվել են, եւ քամին նորից իր սեւ գործն է արել։
Կառուցապատող «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ իրենք շինարարական նորմերը չեն խախտում, պարզապես քամոտ եղանակն է անհարմարություններ պատճառում:
«Շինարարություն իրականացվում է ոչ միայն «Դեֆանս հաուզինգ ինվեստ»–ի կողմից, այլեւ Մալաթիայում եւ Աջափնյակում շինաշխատանքներ են կատարվում։ Այս պայմաններում, երբ ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, անձրեւ չկա, իսկ երեկոյան ժամերին էլ քամիներ են լինում, նման վիճակ է ստեղծվել։ Շինաշխատանքները կատարվում են 9–ից 6–ը, իսկ դրանից հետո մինչեւ արեւի մայր մտնելը փոքր աշխատանքներ են կատարվում, որոնք ազդեցություն չեն ունենում։
Մեր տնօրենը կառուցապատողներին հրահանգ է տվել, որ շինհրապարակներում հետեւեն փոշու նվազեցմանն ուղղված աշխատանքներին։ Քամին այդտեղ բարձրանում է մինչեւ 14 կմ ժամ արագությամբ, մենք դրա դեմ ոչինչ չենք կարող անել։ Բոլոր միջոցները ձեռնարկվել են, որպեսզի շինարարներին օգնենք եւ լրացուցիչ տեխնիկա ներգրավենք, որ կարողանանք փոշին նստեցնել։ Ջրցան մեքենաներ են աշխատելու, որ փոշին չբարձրանա»,– ասաց «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ մարքեթինգի եւ գովազդի դեպարտամենտի տնօրեն Մարինե Բաբախանյանը։
Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ զբաղվում են խնդրով եւ շինաշխատանքներն իրականացնող ընկերության հետ փոշին նվազեցնելու տեխնիկական լուծումներ են փնտրում:
Մանրամասները՝ տեսանյութում։











