Օգոստոսի մեկից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները: Սակայն վարորդները դեռեւս պատրաստ չեն այս փոփոխությանը, քանի որ շատերը չեն հերթագրվել լիցենզավորման կայաններում: Վարորդների մի մասն էլ կարծում է, որ չի հասցնի մինչ օգոստոսի մեկը վկայագրել մեքենայի գազաբալոնը, քանի որ լիցենզավորման կայաններում կուտակումները շատ են:

NEWS.am-ը փորձեց վարորդներից տեղեկանալ, թե արդեն վկայագրե՞լ են  իրենց մեքենայի գազաբալոնը, եթե ոչ, ապա ինչո՞ւ:

«Չեմ արել, չեմ էլ անելու, որովհետեւ անիմաստ բան է»,– ասաց վարորդներից մեկը։

«Լսել եմ, որ կարող է հետաձգեն գազաբալոնների վկայագրման ժամկետը, բայց ամեն դեպքում պետք է հասցնեմ վկայագրել գազաբալոնը»,– նշեց մեկ այլ վարորդ։

Մեկ ուրիշն էլ ասաց. «Ես երկու տարին մեկ գազաբալոնը ստուգման եմ տարել, այնպես որ, կողմ եմ որոշմանը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնները տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե մեքենայի չվկայագրված գազաբալոնը լիցքավորվի, ապա գազալցակայանը կտուգանվի առաջին անգամ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Իսկ ավտոմեքենայի վարորդը չի տուգանվի: