Արտահերթ ընտրություններից առաջ մենք հրավիրեցինք պատգամավորներին, քանի որ մեր մոտից առաջադրվել էր Հրաչյա Հակոբյանը, իրեն մեր խնդրի համար հրավիրեցինք Հաղթանակ թաղամաս, ասաց՝ միգուցե դուք գաք ԱԺ, նստենք, պարզենք խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:

Նա շարունակեց, որ իրենք մոտ 8 հոգով գնացել են ԱԺ. «Մեզ ինչ-որ բաներ առաջարկեցին, ասացին՝ երկու փուլով կանենք, հարցը լուծվող է: Ասացին՝ քանի որ դիմացն արտահերթ ընտրություններ են, ֆիզիկապես չենք հասցնի, թող ընտրությունները անցնեն: Արտահերթ ընտրություններում Հաղթանակ թաղամասը ՔՊ-ին տվեց 65 տոկոս ձայն: Մենք գնացինք, ասացին՝ դուխով ձայն տվեք ՔՊ-ին, մեր հողերի հարցը լուծվելու է: Բայց քանի որ հետո չլուծվեց, սկսեցին ցրել, Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը: Մենք չէինք պատկերացնում, որ մեզ սենց ափաշքարա կխաբեին: Հիմա մենք կաշառքը տվել ենք, 65 տոկոս տվել ենք, ո՞ւր ա մեր հողերը: Չեմ ասում՝ ՔՊ-ն ձայնն չէր ստանա, գուցե ստանար մի 35 տոկոս, բայց 65 տոկոս չէր ստանա»,-ասաց նա:

Բնակիչը նաեւ նշեց, որ իրենց մոտ որոշակի տարածք կա, որ կանաչապատ գոտ է համարվում. «Բայց կանաչապատ գոտու որոշումը, որ 2005-ին եղել է, Հաղթանակ թաղամասի չոլերի համար չի եղել: Դա մեկ տարի առաջ է մտել: Հիմա մտածված կասեցում են արել: Չգիտեմ՝ ինչու են արել, միգուցե պահում են նոր կաշառքի համար: Իմ սեփական հողի վրա դու ինչ իրավունք ունես կանաչապատ տարածք տաս ու կատեգորիան փոխելու որոշում էլ չտաս»,-ընդգծեց թաղամասի բնակիչը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ ուզում են իրենց հողերն օրինականացնել ու հարկ մուծել:

Նշենք, որ այս պահին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի մի քանի բնակիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանց ձեռքին կան ցուցապաստառներ՝ «Հաղթանակ թաղամասը պահանջում է», «Ոչ լղոզված պատասխաններին», «Պահանջում ենք բնակելի կառուցապատում», «Մենք ուզում ենք ապրել Հայաստանում», «Արտագաղթը ապագա չէ», «Պահանջում ենք մեր սեփական հողերի իրավունքը»:

Նրանք նշում են, որ իշխանությունները չեն սեփականաշնորհում իրենց պատկանող հողատարածքներն ու տները:

Ինչ-որ պահի ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը: