Երեւանում բնակարանների միջին գները մեկ տարվա կտրվածքով էականորեն աճել են: Առաջատարը Դավիթաշենն է, որտեղ բնակարանները թանկացել են 20 տոկոսով, ապա Քանաքեռ Զեյթունը՝ 19.8 տոկոսով: Կենտրոնում բնակարանների մեկ քառակուսու մետրի միջին արժեքն աճել է 18,8 տոկոսով: Ամենափոքր գնաճը գրանցվել է Նորքում՝ 10 տոկոս:

Վիճակագրական կոմիտեն տվյալով՝ բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը Կենտրոն վարչական շրջանում նախորդ տարի 625 հազար դրամ էր, այս տարի՝ 742 հազար դրամ։ Կենտրոնի առաջին գոտում ռեկորդային աճ է գրանցվել։ Եթե նախորդ տարի այստեղ քառակուսի մետրի միջին գինը 764 հազար դրամ էր, իսկ այս տարի այն աճել է շուրջ 200 հազար դրամով՝ մոտենալով մեկ միլիոն դրամի։

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Սերոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանների գների բարձրացումը պայմանավորված է այս պահին շուկայում առկա անշարժ գույքի քանակի նվազմամբ։ Այսինքն՝ գնի աճը պայմանավորված է մեծ պահանջարկով ու քիչ առաջարկով։ Մասնագետի խոսքով՝ դա պայմանավորված է դոլարի փոխարժեքի նվազմամբ.

«Այսինքն՝ եթե անցած տարի մենք ունեինք որպես օրինակ՝  100 կամ 200 գույք կենտրոնում, որ վաճառքի էին ցուցադրված, այս պահին ունենք կրկնակի կրճատում։ Ինչպես նաեւ դոլար եւ դրամ կուրսի տատանման հետ կապված շատ տան տերեր որոշել են դադարեցնել բնակարանների վաճառքները»։

Մասնագետի խոսքով՝ Կենտրոնի բնակարանների հիմնական գնորդներն արտերկրից են։ Տեղացիների համար դրանք հիմնականում անհասանելի են.

«Բարձր են գները Կենտրոնում , եւ այդ տարածքի գնի աճն էլ իր հերթին տարածվում է նաեւ այլ համայնքների վրա։ Եթե Կենտրոնում անցած տարի կարող են նորակառույցում 60 հազարով տուն գնել, այս տարի չենք կարող, կարող ենք 80-ից 10 հազարով։ Տեղաբնակները չեն կարողանում իրենց թույլ տալ՝ ապրել կենտրոնում եւ ստիպված են լինում գնալ մյուս համայնքներ»։

Անի Սերոբյանի խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե որքան կշարունակեն աճել բնակարանների գները։ Սակայն մոտ ապագայում հույս ունենալ, թե Կենտրոնում բնակարանների գները նվազելու են, քիչ հավանական է։