2022-2023 թթ. ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը, հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով, հանրապետության ողջ տարածքում իրականացվում են ուժեղացված ծառայություններ՝ «Զգուշացեք՝ երեխաներ են» խորագրով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուժեղացված ծառայությանը ներգրավված են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։
Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ոստիկանները սեպտեմբերի 6-ին հանրապետության դպրոցներում անցկացրին «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ։
Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույց-հանդիպումներ ունեցան տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների, պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Միջոցառման շրջանակում Երևանի թիվ 51 հիմնական դպրոցում աշակերտների հետ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ և պարեկային ծառայության ներկայացուցիչներ։
Զրույցի ընթացքում աշակերտներին տրամադրվեց տեղեկատվություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ:
Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում. աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։











