Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, ընթանում է 44-օրյա պատերազմին Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողի եւ 2 սպաների դեպքի գործով դատական նիստին գործով վկա Դավիթ Հարությունյանի հարցաքննության պահին իրավիճակը լարվեց։

Վկային հարց ուղղելիս զոհված զինծառայողի ծնողը հունից դուրս եկավ. «Թուրքի ծախված ես»։

Դատարանը որոշեց դատական սանկցիա կիրառել զոհվածի ծնողի նկատմամբ եւ նրան հեռացրեց դատական նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք:

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։