Այս պահի դրությամբ շատ լարված է Գեղարքունիքի սահմանային հատվածում, եւ Սոթքում, եւ Վերին Շորժայում կրակոցներ են. քաղաքացիական բնակավայրեր են թիրախավորվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Սոթքում գրեթե բնակիչ չկա, որովհետեւ արկածախնդրություն է մնալ այդ պայմաններում: Հիմնականում տամարդիկ են, չգիտեմ՝ իրավիճակը ինչքան է շարունակվելու:

Երբ լսում ենք Նիկոլ Փաշինյանին, այդ մարդը հստակ հայտարարում է, որ ինքն անկարող է, որեւէ բան չի կարող անել, անընդհատ հույսը դնում է տարբեր կառույցների վրա, ասում է՝ չենք կարողանում զենք գնել: Եթե դու, որպես երկրի ղեկավար, անգործունակ ես, քո անգործունակության պատճառով մենք կորցնում ենք հայրենիքը։ Ի՞նչ է նշանակում փող ունենք, բայց չենք կարողանում զենք գնել, որովհետեւ որոշ դեպքերում զենքը չեն վաճառում, որոշ դեպքերում էլ մենք հնարավորություն չունենք այդ զենքը բերել Հայաստան: Բա այդ դեպքում դու ի՞նչ ես անում ՝ որպես երկրի ղեկավար․  հեռացիր,  որ տեսնենք ո՞վ է այն կարող ուժը, որ կկարողանա անել։  Վաղուց Նիկոլ Փաշինյան անունը դարձել է հայրենազրկում բառի հոմանիշ»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ կամավորներն ուզում են գնալ 18 տարեկան երեխաների փոխարեն կանգնել առաջնագծում, սակայն իշխանությունը թույլ չի տալիս և չի զինում. «Սա նշանակում է, որ այդ մարդիկ ուզում են հանձնել, ուզում են անճարությունը դրսեւորվի նաեւ առաջնագծում»,-ասաց նա։