Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության (ԱԱՊԿ ՍԾ) տվյալներով՝ Բաթքենի օդանավակայանի շրջակայքը եւ օբյեկտները ենթարկվել են տաջիկական համազարկային հրթիռային համակագերի հրետակոծությանը։
Ավերվել են քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։
Ժամը 14.00-ին ղրղըզա-տաջիկական պետական սահմանի Բաթքենի տեղամասում իրավիճակը մնում է լարված, տեղեկացրել են ԱԱՊԿ ՍԾ-ում։
Դաժան բախումներ են ընթանում Լեյլեկի եւ Բաթքենի շրջաններում։
«ԱԱՊԿ ՍԾ ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Բաթքենի շրջանում, բավականաչափ ուժեր եւ միջոցներ ունեն մարտական գործողություններ վարելու եւ տաջիկական կողմի ագրեսիան հետ մղելու համար»,- ընդգծել են սահմանապահ ծառայությունում։
Խորհրդարանում արտահերթ նիստ է՝ փակ ռեժիմով։ Պատգամավորները քննարկում են տաջիկա-ղրղըզական սահմանի իրադրությունը, տեղեկացրել է 24.kg-ն։
Տաջիկստանում տեղեկացրել են, որ ղրղըզական հատուկ ստորաբաժանումների զինծառայողները զինված հարձակում են կատարել Իսֆարիի գյուղերի խաղաղ բնակիչների տների վրա։
Տաջիկստանի ԱԱՊԿ սահմանապահ ծառայության տվյալներով՝ Իսֆարիի Բոգիստոն եւ Լայոն գյուղերում հրդեհվել են բնակելի տներ եւ օժանդակ օբյեկտներ։ «Ներկայում իրավիճակի կայունացման Տաջիկստանի ջանքերը դրական արդյունքներ չեն տալիս, քանի որ ղրղըզ զինվորականները հաշվի չեն առել խաղաղ բանակցությունների առաջարկները»,- նշել է աղբյուրը, տեղեկացրել է Sputnik-Տաջիկստանը։
Առայժմ իրավիճակը տաջիկա-ղրղըզական սահմանի ամբողջ երկայնքով մնում է լարված։ Սահմանամերձ տարածքները երկու կողմից գնդակոծության տակ են, ընթանում են բախումներ, օգտագործվում է ծանր սպառազինություն։











