Տեղեկատվական վակուումը հարազատների տառապանքներն ավելացնող ամենամեծ գործոնն է, բայց մյուս կողմից չճշտված արագ հրապարակվող ցուցակները ավելի մեծ խնդիր են ստեղծում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
«Մեր հետևությունն այն է, որ ՊՆ-ն պետք է ունենա ակտիվ գործող կապի միջոց, որտեղ անձինք կարող են դիմել և իրենց հարազատի վերաբերյալ այդ պահի դրությամբ եղած տեղեկությունը կարողանան ստանալ: Այդ կապը շատ կարևոր է: Սա էական կարիք է, վակուում չի կարելի ստեղծել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն ոչ զոհերի, ոչ վիրավորներ, ոչ գերիների մասով ցուցակներ հրապարակված չեն, ՄԻ պաշտպանն արձագանքեց. «Զոհված զինծառայողների այն թվերը, որոնք հրապարակված են, միգուցե արժի հրապարակել նրանց մասով անունները՝ ցուցակով, բայց ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ թվերի մեջ կլինեն անձինք, որոնց վերաբերյալ նույնականացման դժվարություններ ունենա ՊՆ-ն և մարդկանց տանջանքներից հեռու պահելու համար ավելի ճիշտ կլինի չհրապարակել: Բայց պետք է այդ անձանց, նրանց ընտանիքների հետ կապ հաստատել, կոմունիկացիա ստեղծել»:




























