44-օրյա պատերազմի գլոբալ թիրախը ոչ թե Հայաստանն էր, այլ Իրանը, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արգիշտի Կիվիրյանը։ Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմը Ադրբեջանը, հավանաբար, նախաձեռնել է՝ հաշվի առնելով, որ շարունակաբար հնարավոր կլինի դա դարձնել հակաիրանական պատերազմ, քանի որ կա գլոբալ խնդիր՝ շրջափակման մեջ գցել Իրանը, իսկ այդ պարագայում հարկավոր է ընդհանրապես կտրել Հայաստան–Իրան միջանցքը, սահմանը, ինչը կհանգեցնի նրան, որ կմիանան Ադրբեջանն ու Նախիջևանը, դրանք կմիանան նաև Թուրքիային։
«Այսինքն՝ կստեղծվի այն թյուրքական պլացդարմը, որը կարող է ներսից պայթեցնել Իրանը՝ հաշվի առնելով, որ այնտեղ բնակչության ավելի քան 30 տոկոսը թյուրքալեզու ժողովուրդներ են և վերջին տասնամյակներում այդտեղ զգացվում է ակտիվություն։ Ընդորում, այդ ակտիվությունը նաև լրացուցիչ լիցք ստացավ արցախյան պատերազմում իրենց հաղթանակով»,- ասաց նա՝ հավելելով, որ գաղտնիք չէ, որ վերջին ժամանակաշրջանում Թավրիզում պատրաստվում է հակաիրանական ապստամբություն։
Նրա խոսքով՝ Իրանն այս ամենը շատ լավ հասկանում է, հասկանում է, որ երբ փակվեց Հայաստանի հետ սահմանը, արդեն մոտենալու են Իրանին, և դրանով էին պայմանավորված Իրանի կոշտ հայտարարությունները, որոնցում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, բանակի գեներալները բառացի ասում էին, որ Հայաստանի հետ հազարամյա սահմանը չպետք է փոխվի, որ իրենք թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որ Կովկասում նոր պատերազմը ուղղված է Իրանի դեմ։
«Այսինքն՝ իրենք բաց տեքստով հասկացնում են, որ մենք գիտենք, որ թիրախը մենք ենք։ Դրա համար սա առաջին դեպքը չէ, որ հենց հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվում է, իրենք միանգամից զորքերը բերում են սահման։ Այս անգամ, դրան զուգահեռ Թուրքիան էլ բերեց զորքերը սահման և դրանով փորձում է ստիպել Իրանին որևէ պարագայում չգնալ կտրուկ քայլերի»,– ասաց նա։
Խոսելով այս համատեքստում Հայաստանի շահերի մասին՝ Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ Արևմուտքը ռազմական առումով չի պաշտպանելու Հայաստանի շահերը։ Արևմուտքը, ըստ նրա, զբաղված է այս տարածաշրջանում իր հարցերը լուծելով, այդ թվում՝ Հայաստանի շահերի հաշվին, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով և բավականին ծանր վիճակում է հիմա։ Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը դեռ որոշակի վախ ունի Ռուսաստանից, սակայն Ադրբեջանը Ռուսաստանից նույնկերպ չի զգուշանում, ինչպես 2020-ին կամ դրանից տասը տարի առաջ, իսկ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո էլ ավելի է ոգևորվել և համարում է, որ սա իր աստղային ժամն է։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանը սահմանին կուտակած զորքերը կդնի գործողության մեջ, թե ոչ, քաղաքագետն ասաց, որ դա որոշակի առումով կախված է ռուս–իրանական պայմանավորվածություններից։ Նա նշեց, որ չի բացառում, որ գտնվելով Ուկրաինայում այս ծանր իրավիճակում՝ Ռուսաստանը խնդրած լինի Իրանին որոշակի առումով ինչ–որ ժամանակահատված Հայաստանը վերցնել իր պաշտպանության տակ։
«Չեմ բացառում, որ նման ինչ–որ բանակցություններ, խոսակցություններ, պայմանավորվածություններ եղել են։ Հիմա, որպեսզի Իրանը դիմի շատ ավելի կտրուկ քայլի, պետք է ոչ հրապարակային կերպով ստանա Մոսկվայի ոչ միայն թույլտվությունը, արդեն թույլտվության մասին էլ չի խոսքը, այլ աջակցությունը։ Առավելևս դա հնարավոր է, որովհետև վերջին շրջանում մենք տեսնում ենք ռուս–իրանական ակտիվ ռազմական համագործակցություն։ Մասնավորապես, Իրանը Ռուսաստանին հարվածային դրոններ է մատակարարում, և վերջին օրերին արևմտյան մամուլում հնչում են տեսակետներ, տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում այդ դրոնների արդյունավետ կիրառման մասին։ Այդ դրոններն ընդունակ են չեզոքացնել Արևմուտքի կողմից տրամադրված արդյունավետ հարվածային զենքերը, մասնավորապես՝ HIMARS-ները և մնացած համակարգերը»,– ասաց նա։
Ըստ նրա՝ այս պարագայում ամեն ինչ կախված կլինի Ռուսաստանի և Իրանի ստվերային պայմանավորվածություններից, նաև նրանից, թե նրանք ինչ ծավալով կկարողանան փորձել Թուրքիային հետ պահել այդ քայլերից, քանի որ, ի վերջո, պետք է հասկանան, որ եթե Ադրբեջանը գնում է ավելի ագրեսիվ քայլերի, ապա դա կարող է անել միայն Թուրքիայի հետ համաձայնեցված և Թուրքիայի աջակցությամբ։
Ըստ քաղաքագետի՝ այստեղ պետք է մեկ բան էլ հասկանալ․ Իրանը, որպեսզի ավելի ակտիվ գործի, ի դեմս Հայաստանի պետք է տեսնի դաշնակցի, Հայաստանում տեսնի ուժեր, որոնց հետ կկարողանա համագործակցել, դա շատ կարևոր է Իրանի, ինչպես նաև ցանկացած պետության համար, որը փորձում է մտնել այլ տարածք։ Նրա խոսքով՝ Հայաստանում մինչ օրս ոչ միայն այդպիսի ուժեր չկան, այլ Հայաստանում մեծ ոգևորություն են ապրում, երբ այստեղ է այցելում հակաիրանյան Արևմուտքի այս կամ այն գործիչը։ «Այստեղ հրճվանք է տիրում, բավական է գան, ինչ–որ հայտարարություն անեն, Ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկ դնեն, ինչ–որ խրոխտ մի քանի նախադասություն ասեն, և այդտեղ հայկական կողմն ընդհանրապես կորցնում է իր կողմնորոշումները»,– ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ Ադրբեջանը Արևմուտքից վախենալու բան չունի, այն կարող է վախենալ միմիայն այն երկրից, որը կարող է իրական ռազմական հարված հասցնել կամ ռազմական սպառնալիք ներկայացնել իրեն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը այս առումով վախենում է ընդամենը երկու պետությունից՝ Իրանից և Ռուսաստանից, անկախ նրանից, որ Ռուսաստանը հիմա թուլացած վիճակում է։
«Մնացած ինչ–որ պետություն, որը ընդամենը դատարկ հայտարարություններ է անելու, ինչքան ուզում են հայտարարություններ անեն, դեկլարացիաներ ընդունեն, ամբողջ օրը ինչ–որ քաղաք դատապարտի իրենց [Ադրբեջանի – խմբ․] գործողությունը, դա իրենց որևէ վնաս չի տա, խելոք գալու են իր նավթն ու գազն առնեն, դեռ մի բան էլ ստվերում ասեն՝ ինչո՞վ օգնենք։ Ինչը և արվում է, նաև արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, հենց արևմտյան մի շարք երկրներ իրենց [Ադրբեջանին - խմբ․] տրամադրում էին արբանյակային ճշգրիտ տվյալները»,– ասաց նա։











