Մինչեւ տարեվերջ Հայաստանում կստեղծվի արագացուցչային ծրագրի գիտական խորհուրդ, որում կընդգրկվեն Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Իտալիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարները: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով` խորհուրդը ընդհանուր առմամբ կունենա արտասահմանցի 5 անդամ եւ 3-4 փորձառու մասնագետներ Հայաստանից:Ս. Հարությունյանի խոսքով` արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գերմանիայի եւ Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների ղեկավարների հետ, ովքեր համաձայնել են ընդգրկվել արագացուցչային ծրագրի գիտական խորհրդում:«Արտասահամանում գործող նմանատիպ կենտրոնների ղեկավարները իրենց փորձով եւ խորհուրդներով կաջակցեն հայ մասնագետներին, իսկ տարբեր արագացուցչային խնդիրներ կլուծեն հենց Հայաստանում»,-ասաց Ս. Հարությունյանը:
Ըստ նրա`Հայաստանում այս ոլորտում կան հրաշալի մասնագետներ, որոնք լավ փորձառություն ունեն եւ աշխատանքային գործունեություն են ծավալել արտերկրում: Նրա տեղեկացմամբ`մինչեւ տարեվերջ եւս մի քանի երիտասարդներ կմեկնեն եվրոպական երկրներ վերապատրաստման, որպեսզի մինչեւ 2016թ., երբ ավարտվում է Candle ծրագիրը, մասնագետների պակաս չզգացվի:
Նշենք, որ «ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) թարգմանաբար՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն է նշանակում, որտեղ գիտնականներն ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր:Փորձագետների գնահատմամբ՝ արագացուցիչի արժեքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար:
Պետությունը պատրաստ է ֆինանսավորել նախագծի արժեքի 25 տոկոսը:Նշենք, որ վերջին մեկ տարում Candle նախագծի շրջանակներում Հայաստանը մոտ 3 մլն եվրոյի տարբեր գերժամանակակից սարքավորումներ է ստացել:




























