Հայաստանի եւ Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները համաձայնագիր են ստորագրել:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին ռազմական կրթության եւ խաղաղապահության ոլորտներում մեծ առաջընթաց է ապրել հայ-գերմանական ռազմական համագործակցությունը: 

Քրիստիան Շմիդթը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների գերազանց ծառայության համար:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը եւ Քրիստիան Շմիդթը ստորագրել են 

«ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջեւ ռազմակրթական աջակցության շրջանակում ԳԴՀ զինված ուժերի կառույցներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների եւ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին» համաձայնագիր: