Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ԼՂ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ  իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ  պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», - ասաց նա։

Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն,  ու ԼՂ իշխանությունը  պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկն իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։

«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը, չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը», - ընդգծեց Փաշինյանը։

Մյուս կողմից, ըստ վարչապետի, ՀՀ դիավանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն  ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։

«Այս իմաստով, հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին», - նշեց նա։

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ստեղծվել է Հայաստանում պետք է շարունակին հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»,-հավելեց նա: