Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության համաձայն, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների անցման համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ երեկ զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհունով Բայրամովի հետ։

«Իհարկե, այնտեղ ամրագրված է, որ ոչ մի ռազմական բեռ չպետք է տեղափոխվի այդ միջանցքով։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել, եւ հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են տվյալներն այն մասին, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այդ միջանցքով, ապա այդ ականները օգտագործվել են ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող տարածքներն ականապատելու համար՝ խախտելով եռակողմ համաձայնություններով ձեռքբերված պայմանավորվածությունը։ Այնտեղ շատ փոխադարձ մեղադրանքներ կան։ Ռուսական խաղաղապահ զորակազմը եռակողմ հայտարարությամբ լիազորված է վերահսկելու այդ միջանցքով երթեւեկությունը։ Զորակազմը բոլոր հնարավորություններն ունի՝ ստուգելու բոլոր տրանսպորտային միջոցները, հայտնաբերելու արգելված ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքները։ Երեկ կամ նախորդ օրը տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Ես կարծում եմ, որ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,-ասել է Լավրովը։