ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռազմական ղեկավարության ստորին օղակներում գտնել 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի պատասխանատուներին եւ ավարտին հասցնել բանակի կործանման գործը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա վստահություն հայտնեց, որ իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ չբացառելով հետագայում հասարակական պայթյունը։ Նրա խոսքով՝ ժողովուրդը ոչինչ չի մոռանում։
Փորձագետը հավելեց, որ յուրաքանչյուր խնդիր ունի պատասխանատու, եւ հենց Փաշինյանի գործողություններն են հանգեցրել դրան: «Ինչ օրինակ կարող է ծառայել ՀՀ պաշտպանության նախարարը, որը, ըստ ԶԼՄ-ների, բանակում ծառայելիս դանակահարել է սպային, պաշտպանության նախարար, որը միայն երրորդ օրն է այցելել ողբերգության վայր»,-հարց ուղղեց փորձագետը։
Կիվիրյանն ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչները պետք է անմիջապես մեկնեին ողբերգության վայր։ «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, նման բան տեղի չէր ունենա։ Իսկ եթե նույնիսկ տեղի ունենար, ապա պետք է իրականացվեին անհրաժեշտ քննչական գործողություններ, եւ հետո նոր իշխանությունները պետք է տարբեր վարկածներ առաջ քաշեին՝ հաշվի առնելով, որ ամեն ինչ մոտ էր սահմանամերձ գոտուն, կարող էր տեղի ունենալ ամեն ինչ, այդ թվում՝ դիվերսիա»,-պարզաբանեց նա։
Վերլուծաբանը հրդեհից հետո կառավարության նիստում իշխանությունների հայտարարություններն անվանեց անպատասխանատու։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանին այդ պահին ընդամենը պետք էր զբաղեցնել հասարակությունը եւ շարունակել բանակի փլուզումը՝ մատնացույց անելով սպայի անգործությունը, որը, ըստ նրա, չի տիրապետում հրդեհային անվտանգության տարրական կանոններին։ «Եթե սպային վարկաբեկում ես, ուրեմն բանակ չունես։ Նա զբաղված է ոչ թե խնդիրներ լուծելով, այլ բանակի հիմքերը քանդելով»,-համոզված է Արգիշտի Կիվիրյանը։
Նա նկատեց, որ հնչում են նաեւ Փաշինյանի խոսքերին հակասող այլ հայտարարություններ։ «Օրինակ՝ վաշտի հրամանատարն ասում է, որ այնտեղ ընդհանրապես բենզին չի եղել, ինչը հաստատել է տուժած զինծառայողներից մեկը»,-հիշեցրեց փորձագետը՝ կասկած հայտնելով, որ իշխանությունները կցանկանան այնպիսի հետաքննություն անցկացնել, որը թույլ կտար ստանալ բոլոր հարցերի պատասխանները, քանի որ Փաշինյանը քննչական մարմին է ուղարկել իր նշված վարկածով։ «Չեմ զարմանա, որ իրավապահները կմշակեն բացառապես այդ վարկածը։ Ներկայիս իշխանությունների օրոք հայ ժողովուրդը մշտապես վիշտ է ապրում»,-եզրափակեց փորձագետը։











