Աղավնոյից տեղահանված Կարինեն ադրբեջանական սոցցանցերում է կադրեր տեսել, որ Աղավնոյի տների մի մասը ամբողջությամբ հողին է հավասարեցված։
Կարինեն ու Աղավնոյի մյուս բնակիչները կառավարության հորդորով էին տները կանգուն թողել, երբ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց առաջ լքում էին դրանք։
«Իրենք միայն ժողովրդին փողոցը դուրս գցել գիտեն, չթողեցին էդ տները վառենք, կռիվ էին անում, որ պաժառ չտանք, բա հիմա ո՞ւր եք, էդ տները քանդում են, մեր տները գետնին են հավասարացրել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Կարինե Ռասոյանը։
Աղավնոյից դուրս գալուց 6 ամիս է անցել, Կարինեն դեռ փախստականի կարգավիճակով տնից տուն է տեղափոխվում։ Իսկ կորցրած տան համար որպես փոխհատուցում կառավարության տված սերտիֆիկատը նոր խնդիր է դարձել։ Կարինեն պետք է հավելյալ կես միլիոն դրամ վճարի, որ այս փաստաթղթով Հայաստանում կամ Արցախում հիպոթեքով անշարժ գույք գնի կամ կառուցի։
«Նախնական 500 հազար դրամ պետք է վճարես, որ կարողանաս գործարք անել։ Շատ ծայրահեղ վիճակ է մեզ մոտ, էդ գումարը չունենք, դրան էլ գումարած 180 հազարի ծախսեր են սպասվում, որ գնահատողի, նոտարի ու այլ ծախսեր փակենք։ Ինձ համար ավելի լավ կլիներ ես մեր տանը լինեի, քան էս վիճակում, էս սերտիֆիկատը սեւ թուղթ է մեզ համար։ Ինձ սա պետք չի, թող ինձ տուն տան»,– ասում է կես տարի առաջ Աղավնոյից տեղահանված կինը։
Կարինեի համար նման ծախսերը մեծ ճոխություն են հիմա, երբ երկու դուստրերի ու մոր հետ վարձով է բնակվում Երեւանում։ Ինքը մշտական աշխատանք չունի, առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հարմար գործ գտնել, օրավարձով այս կամ այն գործն է անում։ Կրտսեր դուստրը՝ Անին, 15 տարեկան է, դեռ անձնագիր չունի, չի կարող աշխատել։ Տան սակավ եկամտից գումար են հատկացրել, որ մասնագիտություն ձեռք բերի, աշխատանք գտնի։ Տան միակ աշխատողը Կարինեի ավագ դուստրն է։ Նրա աշխատավարձով ու տեղահանվածներին տրամադրվող ամսական 40 հազար դրամով է ընտանիքը փորձում տան վարձը վճարել, ապրելու ծասերը հոգալ եւ Աղավնոյում բնակվել ժամանակ վերցրած վարկը մարել։
«Արցախի կառավարությունը մայր գումարը մուծել է, բայց տույժ–տուգանքները մնացել են։ Ես նույնիսկդիմում եմ, որ վարձս չեմ կարողանում տալ, դա ո՞նց տամ, ասել են՝ ամբողջը չենք կարող հեչ անել»,– պատմում է Կարինեն։
Անգամ եթե կես միլիոնը գերեզանցող ծախսերի գումարն ունենար, Կարինեն այժմ տուն չէր կարողանա գնել շուկայական բարձր գների պատճառով։ Երեւանում տուն գնելու համար սերտիֆիկատը առավելագույնը 8 միլիոն դրամ է սահմանում, մարզերում՝ 10-ը, Արցախում՝ 12։ Արդեն կես տարի է՝ Կարինեն տան ապարդյուն փնտրտուքների մեջ է։
«Մարզերում էլ տներն էժան չեն, եթե սեփական տուն ես ուզում, ապա կրկնակի թանկ է։ Նույնիսկ Էջմիածին քաղաքի հարակից բնակավայրերում եք փնտրել։ Էդ գնով տներ կան, բայց վատ վիճակում են, պետք է մի էդքան էլ վրան դնես, որ սարքես»,– ասում է նա։
Կարինեն դժգոհ է՝ Կառավարությունը սերտիֆիկատների համակարգը մշակելիս լուրջ հանգամանքներ է անտեսել, ինչի հետեւանքով ոչ միայն իր, այլեւ շատ այլ տեղահանվածներ այս մեծ խնդրի առաջ են՝ միայնակ։
«Արցախի նախագահը եւ մյուսները, երբ որոշում էին կայացնում, պետք է հասկանային, որ միայնակ մայրեր կան, անապահով ընտանիքներ կան, ոնց են էս ամեն ինչի տակից դուրս գալու»,– ասում է նա։
2022 թվականի դեկտեմբերի տվյալով, Արցախից տեղահանված 4700 ընտանիք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար։ Սերտիֆիկատ է ստացել նրանցից 2800–ը։











