Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստության հարցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Գործակալության թղթակից Վալերիա Մենշովայի հետ հարցազրույցում նա պատմել է, թե արդյոք Երևանը պատշաճ կերպով վճարում է ԵԱՏՄ անդամավճարները, արդյոք նրան հաջողվում է ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Արևմուտք, ինչպես նաև պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը ՀԱՊԿ-ի հետ կիսվում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության փորձով։
Արդյո՞ք Հայաստանից արտադրանքի արտահանման սահմանափակումների հետ կապված իրավիճակն ազդեցություն ունեցել է ԵԱՏՄ-ի վրա։
Նախ և առաջ պետք է պարզաբանել, որ Հայաստանից որոշ ապրանքների նկատմամբ կիրառված միջոցները միտված են Ռուսաստանի տարածք անվտանգ արտադրանքի ներմուծումն ապահովելուն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում սահմանված սանիտարական և բուսասանիտարական պահանջների։ Միության անդամ պետությունների պետական սահմանների անցակետերում պետական վերահսկող մարմինների կողմից նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով։ Կա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջին պաշտոնական եզրակացությունը ռուսական մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ՝ հանքային ջրի առանձին խմբաքանակների նկատմամբ, որը ԵՏՀ-ն պատրաստել է Հայաստանի համապատասխան դիմումից հետո։ Այս թեմայի քննարկումը ոլորտային գերատեսչությունների իրավասությունն է։ Գիտեմ, որ նման երկխոսություն ընթանում է։ Մասնավորապես, հարցը բարձրացվել է օգոստոսի 13-ին կայացած ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառության կրճատում մենք նկատում ենք արդեն ավելի քան մեկ տարի, նման միտումը ձևավորվել էր սահմանափակումների կիրառումից շատ առաջ։ Դա չի հանգեցնում որևէ կտրուկ ցնցման, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի բաժինն այնքան էլ մեծ չէ, իսկ Երևանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ աննշան է։
Չկա՞ն արդյոք մտավախություններ, որ նման միջոցների պատճառով Երևանը միայն կարագացնի վերակողմնորոշումը դեպի Արևմուտք։
Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես դեպի Արևմուտք, վերակողմնորոշելու փորձ, անշուշտ, կա։ Միևնույն ժամանակ դա, ըստ էության, չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ և համակարգային աշխատանք կազմակերպելու անհրաժեշտությունը։ Եվրամիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, թեկուզ և որոշ առումներով տարբերվող մեր պահանջներից, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ նվազագույն է։
Սակայն մենք շատ ավելի էական ռիսկեր ենք տեսնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստության հետ կապված, որը, ի դեպ, հայկական իշխանությունները վարում են առանց ԵԱՏՄ գործընկերների հետ որևէ խորհրդակցության։ Դա առաջացնում է ռուսական կողմի և մեր միության մյուս անդամ պետությունների արդարացի մտավախությունները, որոնք արտացոլվել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում։
Հայաստանն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ բյուջե կատարվող անդամավճարները։ Ինչպիսի՞ն է իրավիճակը ԵԱՏՄ-ում․ արդյոք Երևանն առանց ուշացումների վճարո՞ւմ է միության բյուջե իր բաժին մուծումները։
Այսօրվա դրությամբ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ բյուջե կատարվող վճարումների ուշացման վերաբերյալ որևէ ազդակ չի ստացվել։
Հայաստանի բաժինը «հնգյակի» երկրներից ստացվող բոլոր մուտքերի մեջ, որոնց հաշվին ապահովվում է միության մարմինների գործունեությունը, կազմում է 1 տոկոսից մի փոքր ավելի։ Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար կազմում և ԵԱՏՄ դատարանում հանրապետությունը ներկայացված է մյուս անդամ պետությունների նկատմամբ հավասարության սկզբունքով․ դա մեր ինտեգրացիոն միավորման գործունեության հիմնարար սկզբունքն է։
Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցումը»՝ արդյոք նրա վրա տարածվո՞ւմ են արտոնյալ պայմանները ռազմատեխնիկական մատակարարումների հարցում։
Այս պահին ՀԱՊԿ գծով Հայաստանի հետ փոխգործակցություն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում չի իրականացվում։ Ոլորտային համագործակցությունը Երևանի հետ պահպանվում է երկկողմ հիմքով։ Առկա է անհրաժեշտ իրավական բազան, որը նախատեսում է նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ արտոնյալ պայմաններով։
Ինչպե՞ս է հատուկ ռազմական գործողության փորձը ինտեգրվում ՀԱՊԿ աշխատանքի և զորավարժությունների մեջ։ Փոխվե՞լ են արդյոք մարտավարությունն ու զորախաղերի բովանդակությունը։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ունեն ռազմական գործողություններ վարելու եզակի փորձ նոր պայմաններում, որոնց հետ նախկինում չի բախվել աշխարհի ոչ մի բանակ։ Մենք ակտիվորեն կիսվում ենք այդ փորձով ՀԱՊԿ գործընկերների հետ, օգտագործում առկա մշակումները՝ կազմակերպության հավաքական ուժերի բոլոր բաղադրիչների մարտունակության համապարփակ բարձրացման շահերից ելնելով։ Այս ուղղությունը միավորման շրջանակում Ռուսաստանի ներկայիս նախագահության առաջնահերթություններից մեկն է։ Այդ տրամաբանությամբ սեպտեմբեր-հոկտեմբերին Չելյաբինսկի մարզում կկազմակերպվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժությունները, որոնք ժամկետների, վայրի և մտահղացման առումով կհամադրվեն «Կենտրոն» ռազմավարական հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքի հետ։
Արդյո՞ք դուք դիտարկում եք ԱՊՀ երկրներից միգրանտների արտահոսք Ռուսաստանից։ Կա՞ն արդյոք դրա հետ կապված ռիսկեր ռուսական տնտեսության համար, և տեսնո՞ւմ եք անհրաժեշտություն վերանայելու ԱՊՀ շրջանակում միգրացիոն համաձայնագրերը։
ԱՊՀ շրջանակում միգրացիայի ոլորտում ստեղծվել է ամուր իրավական բազա, որն առնչվում է հարցերի լայն շրջանակի՝ օտարերկրյա աշխատողների սոցիալական պաշտպանություն, կրթության և որակավորման մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչում և այլն։ Համագործակցության պետությունները սերտորեն համագործակցում են այս ոլորտում և ձգտում են վարել համաձայնեցված քաղաքականություն։ Պարբերական համադրումներ տեղի են ունենում, մասնավորապես, միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի հարթակներում։
Ռուսաստանի Դաշնությունում այժմ ակտիվորեն կատարելագործվում է օրենսդրությունը՝ աշխատանքային միգրացիայի գործընթացների թափանցիկությունն ու կարգավորվածությունը բարձրացնելու նպատակով։ Այս աշխատանքը տարվում է նաև Ռուսաստանի նախագահի կողմից հաստատված՝ մինչև 2030 թվականը հաշվարկված Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի հենքով։ Այն նախատեսում է նոր թվային տեխնոլոգիաների ներդրում, օտարերկրացիներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու կազմակերպված ձևերի ցանկի ընդլայնում, օտարերկրացիների ադապտացիան ապահովող ենթակառուցվածքների զարգացում, ռուսաց լեզվի և մշակույթի առաջմղում։ Այս գաղափարներն ու խնդիրները մենք հետևողականորեն առաջ ենք մղում նաև ԱՊՀ ձևաչափում։
Զգալի ուշադրություն է դարձվում անօրինական միգրացիայի դեմ պայքարին։ Հնարավոր է, որ Ռուսաստանում վերահսկողության նոր մեխանիզմների ներդրումից հետո (մուտքի վերաբերյալ նախնական դիմումի ներկայացում, կենսաչափական տվյալների հավաքում, միգրանտի թվային պրոֆիլի ստեղծում և այլն) մեզ մոտ աշխատող օտարերկրացիների թվաքանակը որոշ փոփոխությունների ենթարկված լինի։ Այս հարցի վերաբերյալ առավել ամբողջական վիճակագրությանը տիրապետում է Ռուսաստանի ՆԳՆ-ն։
Միաժամանակ ընդգծեմ, որ բոլոր նորամուծությունները դեռ մշակման փուլում պարտադիր ուսումնասիրվում են մեր երկրի միջազգային պարտավորություններին համապատասխանության տեսանկյունից։
Ընդհանուր առմամբ, միգրացիոն կարգավորման ոլորտում թվարկված և այլ նորամուծությունները սահմանում են հասկանալի շրջանակներ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների օրինական գտնվելու համար և ստեղծում են բարենպաստ պայմաններ նրանց պաշտոնական աշխատանքի տեղավորման համար։ Մեր կարծիքով, եթե օտարերկրացին բարեխղճորեն կատարում է ռուսական օրենսդրության բոլոր պահանջները, նրա գտնվելը կլինի առավելագույնս հարմարավետ և շահավետ հենց իր համար՝ իհարկե, Ռուսաստանի Դաշնության՝ որպես ընդունող կողմի, շահերի պատշաճ հաշվառմամբ։





























