Այս իշխանությունը աշխարհում այն եզակիներից է, որ 8 տարի կառավարել է, 3 պատերազմ է բերել, 3 պարտության, և ըստ էության, պարտության խորհրդանիշ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խնբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«Պատերազմից անցել է 6 տարի, բայց դեռ սառնարաններում պահվում են մեր զինվորների մարմինները։ Ու եթե դուք սարսափում եք Ալիևից մեր երկիրը կտոր–կտոր հանձնելով, դա դեռ չի նշանակում, որ բանակցողի փոփոխությունից հետո Ալիևը շարունակելու է համարձակվել ծաղրել մեր ինքնությունը, արժեքները և զավթողական նկրտումներ ունենալ մեր սուվերեն տարածքի հետ կապված։

2021–ին, երբ Սև լճի տարածք ներխուժեցին ադրբեջանական զինված ուժերը և օկուպացրեցին հազարավոր հեկտարներ, անցել է 6 տարի և սահմանակից բնակավայրերը դեռևս չունեն սահմանամերձւի կարգավիճակ։ Արդյոք քննարկվել է այս հարցը, և արդյոք հնարավոր է, որ հետագայում կքննարկվի այդ բնակավայրերին սահմանամերձի կարգավիճակ տալու հարցը»,–ասաց նա։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր բոլոր հարցերի պատասխանը Հայաստանի ժողովուրդը տվել է։ Էդ որ հրաժարական էիք ասում, ծափ էիք տալիս, ես էլ ձեզ հետ ծափ էի տալիս, դրա մասին էի ասում։ Այն, որ ես այստեղ կանգնած եմ, դա նշանակում է, որ առնվազն ՀՀ ժողովուրդը ձեր կարծիքը չի կիսում։

Ասում եք՝ նոր ձևավորված ուժ եք։ Հլը մի հատ աջ ու ձախ նայեք, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են նստած։ Մենք դա չենք էլ փորձում թաքցնել, ի տարբերություն ձեզ։ Դուք Սերժ Սարգսյանի և ոչ միայն Սերժ Սարգսյանի ռեինկարնացիան եք ընդամենը։

Հաջորդը, մենք ունենք ստանդարտ որ սահմանամերձ գյուղի կարգավիճակ ստանում են այն գյուղերը, որոնք սահմանից գտնվում են 5 կմ հեռավորության վրա։ Եթե հիմա մենք մի շարք գյուղերի տանք սահմանամերձ գյուղի կարգավիճակ, այդ տրամաբանությամբ, նշանակում է մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների Հայաստանից օտարված լինելը։ Մենք տասնյակ անգամներով քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ չի կարելի նման բան անել, որովհետև դե յուրե կստացվի, որ մենք հաշտվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի հետ, որովհետև նշված գյուղերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանից 5 կիլոմետր ներս չեն գտնվում, այլ ավելի մեծ հեռավորության վրա են գտնվում։

Այն ժամանակ էր սահմանամերձ գյուղ, որ 30 տարով ասենք 1 միլիոն դրամի ներդրում չէր արվել։ Հիմա գյուղերում միլիարդների ներդրում է արվում, ի՞նչ սահմանամերձ գյուղ։ Առաջիկայում սահմանամերձ գյուղը առավելություն է և ոչ թե թերություն։ Հա առանձին վերցրած դեպքեր կան, Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ մտնում են մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում, ի՞նչ փշալարեր քաշե՞նք Մաշտոցի պողոտայով, ռազմական դրություն, թե արտակարգ դրություն հայտարարենք։ Կրիմինալը կրիմինալ է, կապ չունի ադրբեջանցի է, հայ է, թուրք է, ռուս է, թե վրացի է։ Օտարերկրյա հանցագործների գաստրալյորների խմբով գալիս են Հայաստանում հանցագործություն են անում։ Ի՞նչ, երկրում ռազմական դրություն հայտարարե՞նք»։

Իրինա Յոլյանը նկատեց, որ ՏԻՄ ընտրություններում բոլոր նախկինները, այդ թվում կալվածատերեր, ՔՊ–ի ցուցակներում են. «Ինչ վերաբերում է սահմանամերձի կարգավիճակին, ըստ էության, պետք է հաշվի առնել ոչ թե կիլոմետրը, այլ թե ինչ խնդիրների առաջ է կանգնած բնակավայրը։ Եթե հազարավոր հեկտարներ օկուպացված են, եթե բնակիչները դաշտավարության խնդիր չունեն, բայց օրինակ դրան զուգահեռ կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ պարգևավճար է բաշխվում այն գերատեսչությանը, որը նաև իրավասու է այս ամեն ինչի համար, օրինակ 700 միլիոն պարգևավճար են ստանում, դա նմանատիպ 10 բնակավայրի տարեկան խնդիր կարող էր լուծել»,–ասաց նա։

Փաշինյանն արձագանքեց, որ եթե բնակավայրի խնդիր կա, եկեք բնակավայրի խնդիրը քննարկենք. «Եթե բյուջեի խնդիր կա, եկեք քննարկենք, 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականի կատարված բյուջեն 135%-ով գերակատարվել է։ 2018 թվականից ի վեր Հայաստանի մարզերում հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ են կատարվել։ Այսօր ՀՀ մարզերում այնքան կապիտալ ներդրում է կատարվում, ինչքան Խորհրդային Միության ժամանակ չի կատարվել։ Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղերում սահմանամերձ և ոչ սահմանամերձ, կառուցվում են դպրոցներ և բարեկարգվում են փողոցներ, որ այդ գյուղերը իրենց պատմության ընթացքում, իրենց հազարամյա պատմության ընթացքում մի անգամ բարեկարգված փողոց չեն ունեցել»։