Իրանը Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Կոշարին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքի ակցիաների մասնակիցների դեմ ֆրանսիական իշխանությունների գործողությունների առնչությամբ, հայտնում է Mehr-ը։

Թեհրանը Փարիզից պահանջել է ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հետաքննել ոստիկանության կողմից ուժի չափազանց կիրառման մասին հաղորդումները։

Կոշարը երեքշաբթի կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ մարդու իրավունքների վարչության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Համիդ Ահմադին ներկայացրել է Թեհրանի մտահոգությունը բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ վերաբերմունքի կապակցությամբ, հայտնում է Press TV-ն։

Ահմադին հայտարարել է, որ Ֆրանսիան պարտավոր է պահպանել մարդու իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի դրույթները և կոչ է արել ֆրանսիական իշխանություններին ապահովելու քաղաքացիների հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խաղաղ հավաքների իրավունքը։

Իրանական ներկայացուցիչը նաև պահանջել է հետաքննել իրավապահ մարմինների կողմից ուժի չափազանց կիրառման մասին հաղորդումները և ստեղծել անկախ մեխանիզմ՝ բողոքի ակցիաների մասնակիցների իրավունքների հնարավոր խախտումներն ուսումնասիրելու համար։

Ըստ Ահմադիի՝ Թեհրանը մտահոգված է բողոքների ընթացքում վիրավորների և ավելի քան 5 հազար ձերբակալվածների մասին հաղորդումներով։ Նա նաև մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, թե ֆրանսիացի ոստիկաններն ու անվտանգության ուժերը մտել են դպրոցների տարածքներ և դասասենյակներ։

Ֆրանսիայում բողոքները սկսվել են սեպտեմբերին՝ դպրոցական ենթակառուցվածքների վիճակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտի այլ խնդիրների պատճառով։ Ժամանակի ընթացքում ակցիաները տարածվել են ամբողջ երկրով։ Բողոքների գագաթնակետին դրանք ընդգրկել են ավելի քան հազար դպրոց, իսկ մի քանի քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։

Ֆրանսիական իշխանությունները հայտնել էին ավելի քան 5 հազար ձերբակալվածների մասին, որոնց մեծ մասն անչափահասներ էին։ Անկարգությունների հետևանքով տուժել են աշակերտներ, դպրոցների աշխատակիցներ և ոստիկաններ, իսկ տասնյակ ուսումնական հաստատություններ վնասվել են կամ ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։

Երեքշաբթի ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային հայտարարել էր, որ ոստիկանների նկատմամբ բռնությունը և հանրային գույքի վնասումը չեն կարող արդարացվել։ Միաժամանակ նա տարակուսանք է հայտնել Ֆրանսիայում և Իրանում բողոքի ցույցերի նկատմամբ մոտեցումների տարբերության վերաբերյալ։

«Խնդիրը բողոքը չէ, խնդիրը երկակի չափանիշներն են»,- X սոցիալական ցանցում գրել է Բաղային՝ հավելելով, որ մարդու իրավունքներն ու բողոքի իրավունքը չպետք է կախված լինեն ցույցի անցկացման վայրից։