Լեհաստանից եվրապատգամավոր Եվա Զայոնչկովսկա-Գերնիկը X սոցիալական ցանցում հանդես է եկել Ուկրաինայի՝ Եվրոպական միություն հնարավոր արագացված անդամակցության և անդամ պետությունների վետոյի իրավունքի հետագա սահմանափակման դեմ։

Ըստ Զայոնչկովսկա-Գերնիկիի՝ Լեհաստանը չպետք է համաձայնի այն առաջարկներին, որոնք, նրա պնդմամբ, նախատեսում են Ուկրաինայի համար ԵՄ արագացված ուղի, միասնական շուկա մուտք և առևտրային խոչընդոտների վերացում դեռևս մինչև երկրի՝ միավորմանը պաշտոնապես անդամակցելը։ Միաժամանակ, պատգամավորի կարծիքով, Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է անդամ պետությունների՝ առանձին հարցերով որոշումները արգելափակելու հնարավորության հետագա սահմանափակում։

Զայոնչկովսկա-Գերնիկը հայտարարել է, որ նման մոտեցումը հակասում է Լեհաստանի շահերին, և լեհ քաղաքական գործիչներին կոչ է արել հաշվի առնելու երկրի ազգային շահերը։

Դրանից զատ նա քննադատել է Կիևի դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցության պայմանների վերաբերյալ։ Ըստ պատգամավորի՝ Ուկրաինան համաձայն չէ Եվրամիությանը միանալուն, եթե ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի նկատմամբ սահմանափակումներ գործեն։

«Այդ դեպքում՝ ցտեսություն»,- գրել է Զայոնչկովսկա-Գերնիկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի դիրքորոշումը։

Եվրապատգամավորը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ռիսկեր ստեղծել լեհական գյուղատնտեսական և տրանսպորտային շուկաների համար։ Նա կոչ է արել պաշտպանելու լեհ ֆերմերների և փոխադրողների շահերը, ինչպես նաև մտահոգություն է հայտնել երկրում ուկրաինացի միգրանտների թվի հնարավոր աճի կապակցությամբ։

Զայոնչկովսկա-Գերնիկը խիստ քննադատության է ենթարկել նաև ԵՄ-ի՝ Ուկրաինային աջակցելու քաղաքականությունը։ Մասնավորապես, նա Կիևին մեղադրել է կոռուպցիայի մեջ և հայտարարել, որ Ուկրաինան զգալի ֆինանսական միջոցներ է ստանում ԵՄ մյուս երկրների հաշվին։ Այս գնահատականները լեհ պատգամավորի դիրքորոշումն են։

Նա նաև հանդես է եկել ԵՄ անդամ պետությունների վետոյի իրավունքի հետագա սահմանափակման դեմ՝ հայտարարելով, որ դա, իր կարծիքով, կհանգեցնի միավորման երկրների ազգային լիազորությունների հետագա կրճատմանը։

Եվա Զայոնչկովսկա-Գերնիկը ներկայացնում է լեհական «Կոնֆեդերացիա Ազատություն և Անկախություն» կուսակցությունը և Եվրոպական խորհրդարանում ընդգրկված է «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» խմբում։

Ավելի վաղ պատգամավորն արդեն քննադատել էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել լեհական գյուղատնտեսության համար զգալի հետևանքների և միգրացիոն ճնշման ուժեղացման։