Անցած շաբաթ Հորմուզի նեղուցով անցնող լցանավերի վրա հարձակումների թիվը հասել է առավելագույն մակարդակի Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր։ Միջադեպերի թվի աճը գրանցվել է Պարսից ծոցի երկրների կողմից նավթի արտահանման ավելացման հետնապատկերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։

Հարձակումները, հարձակումների փորձերը և նավերի վրա ճնշման այլ դեպքերը, ներառյալ անօդաչու թռչող սարքերի թռիչքները, հսկողությունն ու VHF ռադիոկապով կանչերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, շարունակվում են նեղուցում, ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավորած Միացյալ ծովային տեղեկատվական կենտրոնի (JMIC) հաղորդագրության մեջ։

«Այս գործողությունները շարունակում են ցույց տալ առանցքային տարանցիկ երթուղիներում ներկայությունը պահպանելու և անցնող նավերի վրա ճնշում գործադրելու Իրանի մտադրությունը»,- հայտարարել է JMIC-ը։

Ծովային անվտանգության ոլորտի երեք աղբյուրների տվյալներով, որոնք վերլուծել են տարածաշրջանից ստացված միջադեպերի մասին տեղեկությունները, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Հորմուզի նեղուցի շրջանում տեղի է ունեցել առնվազն 12 հարձակում նավթի, հեղուկացված բնական գազի և հեղուկացված նավթային գազի փոխադրող լցանավերի վրա։

Դա դարձել է ամենաբարձր շաբաթական ցուցանիշը Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի սկսվելուց՝ փետրվարի 28-ից ի վեր, հայտնել են աղբյուրները։

Միևնույն ժամանակ, Միջազգային ծովային կազմակերպության (IMO)՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության, առանձին վիճակագրությունը նույն շաբաթվա համար արձանագրել է նավերի հետ կապված ինը միջադեպ։ Ծովային ոլորտի աղբյուրները նշում են, որ IMO-ին սովորաբար ավելի շատ ժամանակ է պահանջվում դեպքերը ստուգելու և պաշտոնապես գրանցելու համար։

Ամենամոտ համադրելի շրջանը հուլիսի 13-ից սկսված շաբաթն էր, երբ, ըստ IMO-ի տվյալների, գրանցվել էր ութ միջադեպ։

Միաժամանակ Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի մոտավորապես կեսի ընթացքում նավթ են արտահանել նախապատերազմյան ցուցանիշներից բարձր ծավալներով, վկայում են նավագնացության տվյալները։ Սակայն լցանավերի վրա հաճախի դարձած հարձակումներն ու պահպանվող լոգիստիկ սահմանափակումները կասկածի տակ են դնում մատակարարումների հետագա աճի կայունությունը։

Երեքշաբթի Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ անձնակազմի 12 անդամ վիրավորվել է, երբ անհայտ արկը խոցել է Պանամայի դրոշի տակ նավարկող On Peace լցանավը, որը շարժվում էր Հորմուզի նեղուցով։