Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուղայը անցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) շարքեր։ Իզմիրը համարվում է թուրքական ընդդիմության գլխավոր հենակետերից մեկը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Թուղայի անդամակցման մասին հայտարարել է անձամբ Էրդողանը՝ Անկարայում AKP-ի խորհրդարանական խմբակցության նիստում։ Թուրքիայի նախագահը ողջունել է Իզմիրի քաղաքապետին որպես կուսակցության նոր անդամ և ամրացրել նրա կուսակցական նշանը։ Արարողությունը ուղիղ եթերում հեռարձակել է թուրքական հեռուստատեսությունը։
Անցումը բացասական արձագանք է առաջացրել Իզմիրում՝ Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաքում, որի բնակչությունը կազմում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Էգեյան ծովի ափին գտնվող քաղաքը համարվում է երկրի առավել աշխարհիկ կենտրոններից մեկը և 1999 թվականից կառավարվում է սոցիալ-դեմոկրատների կողմից։
Առանձնահատուկ ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ հունվարին Թուղայը խոստացել էր երբեք չանդամակցել AKP-ին։ Նա հայտարարել էր, որ նման քայլի դեպքում մայրը կհրաժարվի իրենից, իսկ կինը կլքի իրեն։
Թուղայը Իզմիրի քաղաքապետ էր ընտրվել 2024 թվականի մարտին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) և պաշտոնը ստանձնել էր ապրիլին։ Հունիսին նա դուրս եկավ կուսակցությունից՝ դրա ղեկավարության փոփոխությունից հետո, որը տեղի էր ունեցել վիճահարույց դատական որոշման արդյունքում, և հայտարարեց, որ կմնա անկախ։
Թուղայի անցումը իշխողկ կուսակցության շարքեր լուրջ հաջողություն դարձավ Էրդողանի համար, թեև Իզմիրի քաղաքային խորհրդում մեծամասնությունը շարունակում է պատկանել ընդդիմությանը։
CHP-ն համոզիչ հաղթանակ էր տարել 2024 թվականի մարտի համայնքային ընտրություններում, սակայն դրանից հետո բախվել էր իշխանությունների կողմից աճող ճնշման։ Անկախ թուրքական Diken պարբերականի տվյալներով՝ չորեքշաբթի օրվա դրությամբ ձերբակալվել էին CHP-ից ընտրված վեց նահանգային քաղաքապետեր, ներառյալ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչպես նաև 29 շրջանների քաղաքապետեր։
Զուգահեռաբար աճել է նաև ընդդիմության ներկայացուցիչների՝ AKP անցնելու դեպքերի թիվը։ Medyascope-ի տվյալներով՝ մինչև Թուղայի՝ իշխող կուսակցության շարքեր անցումը նա ներգրավել էր առնվազն 17 քաղաքապետ ընդդիմադիր կուսակցություններից։
Քաղաքական վերլուծաբան Բերն Էսենը հայտարարել է, որ այդ անցումները կարող են լինել AKP-ի ռազմավարության մաս՝ 2024 թվականի համայնքային ընտրություններում կրած պարտությունից հետո դիրքերը վերականգնելու համար։ Նրա կարծիքով՝ մի շարք դեպքերում քաղաքապետերը փոխում են իրենց քաղաքական պատկանելությունը ոչ թե հայացքների փոփոխության պատճառով, այլ իշխանությունների ճնշումից վախենալու հետևանքով։
CHP-ի նախկին առաջնորդ Օզգյուր Օզելը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով, նույնպես խոսել է Իզմիրի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների, սպառնալիքների և շանտաժի մասին։ Նա դավաճաններ է անվանել նրանց, ովքեր, իր բնորոշմամբ, «վաճառվում են» և լքում կուսակցությունը։





























