Լիտվայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել ևս մեկ տարով՝ մինչև 2028 թվականի մարտի 4-ը, երկարաձգելու ժամանակավոր պաշտպանությունը այն մարդկանց համար, որոնք պատերազմի պատճառով Ուկրաինայից ժամանել են երկիր։ Միաժամանակ նոր դիմորդների մի մասի համար սահմանվում է լրացուցիչ պահանջ, որը կապված է Ուկրաինայում զինվորական պարտականության հետ, հաղորդում է LRT գործակալությունը:
Ըստ ընդունված որոշման՝ եթե Ուկրաինայում անձի վրա տարածվում է զինվորական պարտականությունը, ապա ժամանակավոր պաշտպանության համար դիմելիս նա պետք է ներկայացնի դրա կատարման հաստատումը։
Նոր պահանջը չի տարածվի նրանց վրա, որոնց ժամանակավոր պաշտպանությունը Եվրամիության որևէ երկրում տրամադրվել է մինչև 2026 թվականի օգոստոսի 4-ը և որոնք մշտապես պահպանում են այդ կարգավիճակը։ Բացառություն նախատեսված է նաև այն անձանց համար, որոնք մինչև այդ օրը Լիտվայում դիմում են ներկայացրել ժամանակավոր պաշտպանության համար, եթե այդ պահին նրանց դիմումի վերաբերյալ որոշում դեռ չէր ընդունվել։
Լիտվայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զինվորական պարտականության կատարումը կարելի է հաստատել, մասնավորապես, երկրից դուրս գալու ժամանակ ուկրաինական սահմանը օրինական հատելու վերաբերյալ փաստաթղթերով, անձնագրում ելքի նշմամբ կամ զինվորական պարտականությունից ազատման կամ դրա կատարման մասին պաշտոնական փաստաթղթով։
Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ժամանակավոր պաշտպանության հիմքով տրվող կամ երկարաձգվող ժամանակավոր կացության թույլտվությունները կտրամադրվեն կամ կերկարաձգվեն մինչև 2028 թվականի մարտի 4-ը։ Այժմ այդպիսի փաստաթղթերն ուժի մեջ են մինչև 2027 թվականի մարտի 4-ը։
Նախարարության տվյալներով՝ միգրացիայի դեպարտամենտն ամեն օր ստանում է մոտ 30–40 նոր դիմում՝ այս հիմքով ժամանակավոր կացության թույլտվություն տրամադրելու համար։ Սեպտեմբերի 6-ի դրությամբ գործող թույլտվություններ ունեին 52 հազար 52 մարդ։
Լիտվայի ՆԳՆ-ում նշում են, որ փաստաթղթերի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա նվազեցնել վարչական բեռը թե՛ օտարերկրացիների, թե՛ միգրացիայի դեպարտամենտի վրա։
Պատերազմի պատճառով Ուկրաինայից հեռացած մարդկանց համար ժամանակավոր պաշտպանությունը Եվրամիությունում սկսել է գործել 2022 թվականի մարտին՝ ռուսական լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո։ Այն ԵՄ երկրներում բնակության, աշխատանքի, սոցիալական և բժշկական օգնության, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելու իրավունք է տալիս։ Հուլիսին ԵՄ խորհուրդը մեխանիզմի գործողությունը երկարաձգել է մինչև 2028 թվականի մարտի 4-ը։





























