Գերմանիայի ոստիկանությունը Բավարիայի Նյոցինգեր-Մոոս շրջանի բնակիչներին, որը գտնվում է Մյունխենի օդանավակայանից ոչ հեռու, նախազգուշացրել է պումայի հնարավոր հայտնվելու մասին, հայտնում է DW-ն։

Իշխանությունները մարդկանց կոչ են արել զգույշ լինել և երեխաներին ու մանր ընտանի կենդանիներին դուրս չթողնել փողոց։

Նախազգուշացումը տարածվել է չորեքշաբթի այն բանից հետո, երբ մի քանի հաղորդումներ էին ստացվել շրջանում նկատված խոշոր գիշատչի մասին։ Մասնագետների նախնական գնահատմամբ՝ խոսքն, ըստ ամենայնի, պումայի մասին է։

«Փորձագետների նախնական գնահատմամբ՝ դա կարող է պումա լինել»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը։

Միաժամանակ կենդանու ծագումը մնում է անհայտ։ Իշխանությունները դեռևս չեն կարողացել պարզել, թե պուման որտեղից կարող էր հայտնվել Մյունխենի շրջակայքում։ Նրանց տվյալներով՝ ներկայում այս շրջանում կենդանու փախուստի հնարավոր աղբյուր հանդիսացող կրկեսներ չկան։

Ոստիկանությունը դեռևս չի հայտնել նաև՝ արդյոք նախատեսվո՞ւմ են որևէ հատուկ միջոցառումներ ենթադրյալ պումային որոնելու կամ բռնելու համար։

Ինչպես հաղորդվում է, իրավապահ մարմինները ստացել են կենդանու մեկ լուսանկար, սակայն առայժմ այն չեն հրապարակել։ Հետևաբար անհնար է հավաստիորեն պարզել, թե արդյոք նկարում իսկապես պումա է պատկերված։

Բնակիչներին կոչ են արել կենդանու, նրա գտնվելու վայրի կամ հնարավոր ծագման մասին ցանկացած տեղեկություն հայտնել Էրդինգի ոստիկանությանը։