Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված դատավարությունների մեղադրական եզրակացություններում 2020–ի պատերազմը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից իրականացված ագրեսիվ պատերազմ։ Այդ փաստաթղթերում Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում թեզեր, թե այդ պատերազմի ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել Հայաստանի ղեկավարության մասնակցությամբ բանավոր և գրավոր հրամանների հիման վրա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։

«Պարոն Փաշինյան, չունե՞ք մտահոգություն որ մի օր այս կեղծ մեղադրանքներով նաև ձեր դեմ կարող է Ադրբեջանը քրեական շինծու գործ հարուցել և միջազգային հետապնդում իրականացնել մասնավորապես ձեր պաշտոնանկությունից հետո»,–ասաց նա։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսօր յուրահատուկ օր է մեր ընդդիմադիր գործխընկերների համար, որովհետև նրանք տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում են։ Հերթական անգամ էմոցիոնալ ձևով խոսում են անազատության մեջ գտնվողների մասին։ Այս նիստի ընթացքում անընդհատ մի քանի անգամ իրենք էլ չնկատելով քլնգում էին կառավարությանը նր հմար, որ կառավարությունն ուղղակի կամ անուղղակի միջոցներ է ձեռնարկել անազատության մեջ գտնվողներին Հայաստան վերադարձնելու համար։ Եթե դա հասկանալով էին անում, այստեղ բարոյականության հետ կապված խնդիրներ կան, եթե չհասկանալով էին անում, էստեղ «ճանաչել զիմաստությունը և զխրատ»։

Հաջորդ տրամաբանական դիսոնանսը. Էս մարդկանց որտեղ լսում ենք, ասում են՝ ես Ադրբեջանի մարդն եմ, ես Թուրքիայի մարդն եմ։ Իսկ այսօր եկել է, ինձ ասում է՝ բա մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու գործ կհարուցի։ Կարո՞ղ եք մի հատ կողմնորոշվենք, ի վերջո դուք ի՞նչ եք մտածում։ Թե՞ պիտի մի բան ասեք, ասում եք էլի, առանց հասկանալու։ Ձեր ասածի առաջին մասը երկրորդ մասի հետ տրամաբանական ի՞նչ հարաբերությունների մեջ է։

Իսկ եթե ձեզ հետաքրքրում է իրավական գործընթացները, իրավական գործընթացներով իրավաբանները կզբաղվեն և համապատասխան գնահատականներ ըստ անհրաժեշտության կտան»։

Սյուզաննա Ավետիսյանը նկատեց, որ վարչապետի խոսքն ու պահվածքը բնավ հարիր չէ ՀՀ կառավարության ղեկավարին. «Իմ հարցը ընդամենը ուղիղ, հստակ և շատ տրամաբանական ու հավասարակշիռ էր: Միգուցե մի քիչ այլ կերպ ձևակերպեմ. Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այդ կեղծ դատավարություններում առկա Հայաստանի Հանրապետությանն ուղղված կեղծ մեղադրանքների մասով ինչպիսի՞նն է»։

Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այնպիսին է, ինչի մասին արդեն երկար ժամանակ մենք այս և տարբեր ամբիոններից տեղական և միջազգային հարթակներում արտահայտում ենք։ Մենք ասում ենք, որ պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ րոպե առաջ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները վերադառնան, գան Հայաստանի Հանրապետություն»։