Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գործարարները, որոնք բիզնեսի նկատմամբ կիրառված սահմանափակման միջոցները համարում են անհամարժեք, կարող են դիմել դատարան և նույնիսկ պետությունից պահանջել վնասի փոխհատուցում։

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Մհեր Գրիգորյանին հարց է ուղղել քաղաքական գործերի շրջանակում կալանավորված և կնքված գույքի ու օբյեկտների մասին։

Մհեր Գրիգորյանը նշել է, որ եթե բիզնեսը չի աշխատում ոչ իր կամքով, դա վատ է, եթե աշխատողները կորցնում են աշխատանքը՝ վատ է, հարկեր չեն վճարվում, եթե բրենդը կորցնում է արժեքը կամ անկում է ապրում՝ դա շատ վատ է։ Գրիգորյանը վստահեցրել է, որ կառավարությունում ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանում որևէ տնտեսավարող սուբյեկտ հայտնվի նման իրավիճակում՝ հավելելով, որ կցանկանար ավելի մանրամասն պատասխանել, սակայն չի կարող, քանի որ ապահովման միջոցներն ընտրվել են քրեական գործերի շրջանակում, իսկ ինքը մանրամասներին չի տիրապետում։ Եթե ցանկանում եք քննարկել օրենսդրության որակը և պաշտպանության աստիճանը, ապա հարցը կարելի է ներառել օրակարգում և քննարկել, սակայն առաջին հերթին դա պատգամավորների գործն է, արձանագրել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե նախաձեռնություն լինի, կառավարությունում այն կքննարկեն և կարձագանքեն։

Խամոյանը նկատել է, որ կարևոր է ենթադրվող արարքի և պատժի համաչափությունը։ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ եթե կան անհամարժեք սահմանափակումներ, դրանք կարելի է բողոքարկել և նույնիսկ պետությունից պահանջել վնասի փոխհատուցում։