Պարոն Փաշինյան, էս ո՞ւր ենք հասել, ո՞նց հասցրեցիք մեր երկիրը այս օրվան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

«Արդյոք դուք ունե՞ք համարձակություն որևէ հարցում, այդ թվում ադրբեջանցի ահաբեկչին, թեկուզ դատական ակտի կատարումից հետո Ալիևի պահանջով Ադրբեջանին չհանձնելու։ Ունե՞ք նման համարձակություն որևէ հարցով մերժելու։ Նկատում եմ՝ գլխով ասում ե՝ք ոչ։ Ես ինքս էլ վստահ եմ, որ դուք այդ համարձակությունը չունեք։ Եթե նույնիսկ ուզենաք չհանձնել, չեք կարող չհանձնել։

Ուզում եմ նաև ԵԽԽՎ զեկույցին անդրադառնալ. դուք որպես կառավարության ղեկավար, երբ կարդում եք ԵԽԽՎ զեկույցը այն մասին, որ իշխող ՔՊ–ն կատարել է քաղաքական հետապնդումներ ընդդիմադիրների նկատմամբ, ձեր կողմից նշանակված ԿԸՀ-ն ոչ իրավաչափորեն, անվավեր ճանաչելով քվեարկության արդյունքները որոշ տեղամասերի, չի նշանակել վերաքվեարկություն։ Դուք կատարել եք ընտրովի արդարադատություններ՝ ամեն ձևով հալածանքի ենթարկելով ընդդիմադիրներին։ Դուք դուրս եք թողել չորրորդ քաղաքական ընդդիմադիր ուժ հանդիսացող ԲՀԿ–ին՝ գողանալով նրա ձայները։ Դուք որպես իշխող կուսակցություն անելիք, մտածելիք, գործողությունների պլան չունե՞ք, ԿԸՀ նախագահը պետք է շարունակի պաշտոնավարե՞լ, երբ եվրոպական նման լուրջ կառույցը 2018 թվականից հետո առաջին անգամ նման կոշտ ձևակերպումներ է տալիս ձեր իշխանությանը»,–ասաց նա։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ընդհանրապես, ես խորհուրդ եմ տալիս, որ «գողություն» բառը, երբ օգտագործում եք, նայեք ձեզ, ձեր համախոհ քաղաքական ուժերին, ձեր շրջապատին և միջավայրին։ Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին և ձեզ պարզաբանեմ Շաքիի դեպքի հետ կապված իմ ընդհանուր ընկալումը։

Նախ ակնհայտ փաստ է, որ ադրբեջանցի զինվորը ինչ-որ պրոբլեմ է ունեցել, ինքնակամ լքել է զորամասը և հայտնվել է Հայաստանի տարածքում։ Այո, այստեղ հանցագործություն է արել, բայց ես ուրիշ բան եմ ասում. ես սարսափով եմ մտածում այն օրվա մասին, երբ հանկարծ Աստված չանի, մեր զինվորներից որևէ մեկը հանկարծ շփոթվի, մոլորվի, ձմեռ է, մառախուղ է, հայտնվի Ադրբեջանում։ Այս մարդիկ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցիալ շփոթված, մոլորված զինվորին դարձնելու են Բեն Լադեն։

Բոլոր իրավիճակներում պետք է պահել օբյեկտիվությունը։ Ես ասում եմ հստակ՝ Հայաստանի օրենսդրությունը որևէ մեկը չի կարող շրջանցել։ Եթե հանկարծ Աստված չանի մեր մի զինվոր մոլորվեց, այսօրվա այս հարցադրում ների պատճառով այդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն»։ Ընդդիմադիր պատռգամավորը նկատեց, որ մոլորված զինվորը 50 կիլոմետր չի խորանում, չի մտնում հայ ընտանիք, չի մտնում խոհանոց, զենք չի պահում երեխեքի վրա, տանտիրոջ մտնելուց հետո զենքով չի կրակում ոտքին. «Մի մոլորեցրեք մեզ, մեր ժողովուրդը ազնիվ է, միամիտ է, բայց հիմար չէ, գիտակից է։ Ակնհայտ է, որ դա մոլորյալ չէ, դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ։ Մենք արտակարգ ռեժիմ կամ ռազմական դրություն հայտարարելու կոչ ձեզ չենք անում, որ դուք անընդհատ այդ թեզն եք զարգացնում։ Ակնհայտ է, որ այս հարցերով, Ալիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից։ Սենց շարունակեք, դուք մեզ անհայրենիք եք թողելու ցավոք»։

Փաշինյանն արձագանքեց. «Աստված չանի, մեր մի զինվոր հանկարծ ուղղակի մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, որովհետև դիրքեր կան, որ իրարից 50 մետր հեռավորության վրա են, ես այսօրվա ձեր քթից հանելու եմ, տեսեք զգուշացնում եմ։ Հա, սա հենց ուղիղ սպառնալիք է, որովհետև դուք ընդամենը այսօր սադրիչներ եք։ Ես ասում եմ՝ հատ-հատ այսօրը հիշեցնելու եմ ձեզ անհատապես բոլորիդ, շարունակեք այդ նույն ձևի»։