Ղազախստանի կառավարությունը մշակել է փոփոխություններ, որոնք կարող են սահմանափակել 16 տարեկանից փոքր օգտատերերի գրանցումը սոցիալական ցանցերում և այլ առցանց հարթակներում։ Դրա մասին հայտնել է երկրի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ պատասխանելով պատգամավորական հարցմանը, հաղորդում է «Կազինֆորմ»-ը։
Ըստ Բեկտենովի՝ համապատասխան փոփոխություններն այժմ Կուրուլթայի պատգամավորների քննարկման փուլում են։ Դրանց ընդունումից հետո իշխանությունները մտադիր են հատուկ կանոններ մշակել՝ առցանց հարթակների օգտատերերի տարիքը հաստատելու համար։
Մեխանիզմի մշակման ընթացքում նախատեսվում է հաշվի առնել բուն հարթակների առկա տեխնոլոգիաները, արհեստական բանականության միջոցով նույնականացման հնարավորությունները, ինչպես նաև դիտվող բովանդակության բնույթն ու օգտատիրոջ ակտիվությունը։ Բեկտենովը նշել է, որ խոշոր առցանց հարթակներն արդեն ունեն անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքները։
Որպես օրինակ՝ վարչապետը նշել է ամերիկյան Meta ընկերությունը, որը նախատեսում է ներդնել AgeKey համակարգը՝ օգտատերերի տարիքը ստուգելու համար։ Նա հավալել է, որ տեխնոլոգիան հիմնված է passkey սկզբունքի վրա, որն օգտագործվում է, մասնավորապես, կենսաչափական նույնականացման համար՝ մատնահետքի կամ դեմքի ճանաչման միջոցով։
Նոր պահանջների ներդրման համար կսահմանվի անցումային շրջան։ Բացի դրանից, իշխանությունները կքննարկեն մինչև 16 տարեկան առցանց հարթակների օգտատերերի արդեն գոյություն ունեցող հաշիվների ժամանակավոր կասեցման հնարավորությունը։
Ապագա նորմատիվ ակտը նախատեսվում է քննարկել Ղազախստանում գործող առցանց հարթակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ընդ որում, առաջարկվող մեխանիզմը պետք է թույլ տա հաստատել օգտատիրոջ տարիքը՝ առանց նրա անձնական տվյալները փոխանցելու։
«Այսպիսով, թվային տարածքում կպաշտպանվեն երեխաների իրավունքներն ու օրինական շահերը, և կձևավորվի անվտանգ թվային միջավայր անչափահասների համար»,- հայտարարել է Բեկտենովը։
Ավելի վաղ Կուրուլթայի պատգամավոր Ժանարբեկ Աշիմժանովը կառավարությանը կոչ էր արել մշակել կոնկրետ մեխանիզմ՝ մինչև 16 տարեկան ղազախստանցի երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում սահմանափակելու համար։





























