Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Շաքի գյուղի բնակչուհուն կրակած ադրբեջանցի զինծառայողը Հայաստանում կկանգնի դատարանի առաջ։ Դրա մասին նա հայտարարել է կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը դահլիճում միացրել է տուժած Անի Ավետիսյանի քրոջ ձայնագրությունն ու ներկայացրել տեղի ունեցածի նկարագրությունը։ Պատգամավորին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք իշխանությունները մտադիր են հանցագործին հանձնել Ադրբեջանին։

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ արդեն պատասխանել է այդ հարցին, որ հարցը պետք է քննի դատարանը, դատարանի որոշումը պետք է օրինական ուժի մեջ մտնի, և ամբողջ ընթացակարգը պետք է իրականացվի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։

Կարապետյանը նկատել է, որ լսել էր նախորդ պատասխանը, և այդ պատճառով հարցնում է՝ արդյոք կա՞ հնարավորություն, որ դրանից հետո իշխանությունները ահաբեկչին կհանձնեն հայրենիք։

Լավ տրամադրությամբ խորհրդարան եկած Փաշինյանը հայտարարել է, որ Կարապետյանն իրեն հիշեցնում է գոյություն չունեցող կոկորդիլոսներին վանող տղամարդու մասին անեկդոտը։

«Հետո հանձնել՝ հետո ե՞րբ․ 25 տարի ա՞նց, թե՞ երբ»,- հարց է տվել Փաշինյանը՝ կրկին հավաստիացնելով, որ դատական գործընթացը կանցնի Հայաստանում, դատարանը որոշում կկայացնի, և եթե (!) դատարանը նրան դատապարտի ազատազրկման, նա պատիժը կկրի ՀՀ-ում և սահմանված կարգով։ Փաշինյանը սկզբունքորեն չի բացառել հանձնելու հնարավորությունը՝ հիշեցնելով, որ այդ անձի նկատմամբ Ադրբեջանում նույնպես քրեական գործ է հարուցված։